Այս մասին երեկ Գյումրու «Օրհուս» կենտրոնում ակնարկեց Հարավային Կովկասում սահմանների կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Նա տարածքային կառավարման, բնապահպանության նախարարությունների, ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ եկել էր Գյումրի` հասարակական լսումներ անցկացնելու Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցակետերի արդիականցման ծրագիր շուրջ: «Կարո՞ղ եք ասել` ինչու չեն ժպտում մեր մաքսավորները», -ներկաներին հարցրեց պարոն Մալինցյանը` պատասխանելով իր իսկ հնչեցրած հարցին: «Շատ անգամ նրանք լվացվելու ջուր չունեն, տվեք նրանց պայմաններ ու ժպիտ պահանջեք»: Բանախոսի ներկայացմամբ, սահմանային անցակետերը արդիականացնելը, տեխնիկապես զինելը, տարանցիկ ճանապարհները սարքելը, սահմանը հատողների կուտակումներին վերջ դնելն ու մեկ պատուհանի սկզբունքին անցնելը երկրի նախագահի հատուկ ուշադրության կենտրոնում են: Ըստ ներկայացրածի, սահմանակետի մոտ վարորդները այլևս մեքենաներից չեն իջնի, կբավարարվեն նրանց դեմքը հենց մեքենայի միջից scan անելով: Եվ մինչ պարոն Մալինցյանը գովերգում էր ծրագիրը, «Գեոֆոն» բնապահպանական հ/կ-ի ղեկավար Լևոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ իմաստ ունի միլիարդներ ծախսել ու անցակետերը վերանորոգել, կամուրջ անցկացնել, երբ Հայաստանը դատարկվում է, ո՞վ է ելումուտ անողը: «7 հեկտարի վրա մեծ համալիր եք կառուցում, հաշվարկել եք, որ 2000 մարդ 1 օրում սահմանը հատելու են, կարծում եք էդքան ուղևորահոսք կլինի՞, ես գնում-գալիս եմ, ուղևորահոսքը մարում է: Իսկական կուշտ ու սովածի պատմությունն է, յոթ հեկտարը մարդկանցից խլում եք , ինչո՞ւ»,- ասաց բնապահպանը: Քննադատությունից անակնկալի եկած Գրիգոր Մալինցյանը հակադարձեց. «Դուք պեսիմիստական ոճ դրեցիք»: Բնապահպանը լեզվակռիվը նորից շարունակեց. «Մեր քաղաքում երեք տարի է`տեխնոպարկ են սարքում, սարքում – սարքում , բայց այդպես էլ ժողովուրդը չի տեսնում, տեխնոպարկի ղեկավարությունը Երևանում նստած գոյություն չունեցող հիմնարկ է կառավարում : Ես դրանից ելնելով եմ ասում»: Ի պատասխան նրա` բանախոսը սկսեց նորից համբերատարությամբ կրկնել, որ սա պետական կարևորագույն միջոցառում է. 2010 թվականին սահմանային անվտանգության ռազմավարություն է ընդունվել և գտնվում է երկրի նախագահի հսկողություն տակ: «Չտեսնե՞նք պարսիկը, թուրքը ոնց է սահմանն անցնում, կամ ինչո՞ւ երեք ամիսը մեկ անձնագիրը լցնենք պեչատներով: Քանի դեռ խորքային լաբորատոր սարք չէինք դրել, մարդիկ կեղծ փաստաթղթերով սահմանը հատում էին, փաստաթղթերը իդեալական էին թվում, բայց պարզվում է` Թուրքիայում հայկական կեղծ անձնագրեր էին սկսել տպել` բարձր որակով: Քանի դեռ դրա անհրաժեշտությունը չէր եղել, չէինք մտածում, հիմա էլ քանի դեռ լավ ճանպարհների անհրաժեշտություն չի եղել, չենք մտածում: Վերջը մի քիչ էլ երկրի հեղինակության մասին պետք է մտածենք: Եթե բոլորդ լցվեք լավատեսությամբ, կհաղթենք,Լևոն Տեր-Պետրոսյանի պես չեմ ասի ` հաղթելու ենք», -ասաց բանախոսը: Նշենք, որ դեռևս հայտնի չեն ֆինանսավորման աղբյուրները, սա էլ մտահոգում էր մասնակիցներին, բա որ նորից վարկեր վերցնեն ու ազգաբնակչության վզին թողնե՞ն: Ի պատասխան մասնակիցների այս անհանգստությանը, միայն նշվեց, որ պետությունը ծրագրին մասնակցելու է 30-32 մլն եվրոյի չափով, մնացածը փորձում են գրանտային ճանապարհով լուծել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ