Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները դասադուլ են արել

Հունվար 27,2012 20:32

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ 2 օր առաջ դասադուլ էին հայտարարել` բողոքելով, որ դասասենյակներում ցուրտ է եւ անհրաժեշտ ջեռուցում չի ապահովվում: Ավագ դպրոցի մասնաշենքի փլուզումից հետո («Առավոտ», 19 հուլիս 2011` «Փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը»)  2011-2012 ուսումնական տարին դպրոցի գործունեությունն իրականացվում է Կապանի թիվ 6 եւ թիվ 1 դպրոցների մասնաշենքերում:

Աշակերտներն դժգոհել էին դասասենյակների ցածր ջերմաստիճանից եւ կարճատեւ դասադուլ հայտարարել, նրանք դասամիջոցին նրանք դուրս են եկել դպրոցի բակ եւ եւ մոտ 30 րոպե անց կրկին անցել դասի:

Մինչ աշակերտները դժգոհում են ցածր ջերմաստիճանից, պատասխանատուները   հավաստիացնում են, որ դպրոցում անհրաժեշտ ջեռուցում է իրականացվում, շենքը գազիֆիկացված է, տնօրինությունը հնարավոր ամեն ինչ անում է նորմայի սահմաններում համապատասխան ջերմաստիճանով  դասասենյակները ապահովելու համար:

Սակայն դպրոցի շենքը դժվար տաքացվող է, շատ են պատուհանները: Ըստ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Lեռնիկ Պետրոսյանի` դպրոցի նախկին շենքում, մինչեւ փլվելը, ձմռան օրերին դասասենյակներում շատ տաք էր լինում,  աշակերտներն էլ դրան էին սովոր: «Մենք ամեն ինչ անում ենք համապատասխան ջերմաստիճանով ապահովվելու համար, այսքան էլեկտրաէներգիա, որ ծախսեինք մեկ այլ մասնաշենքում, դասասենյակներում 22 աստիճան ջերմաստիճան կունենայինք: Ամենացուրտ ժամերին մոտ 17 աստիճան է լինում, դրանից բարձրանում 18 կամ 18.5-ի հասնում, միայն մի քանի դասասենյակ կա, որտեղ առավոտյան  ամենացուրտ ժամերին 16.5 աստիճան կարող է լինել: Հիգիենիկ հակահամաճարակային պետական տեսչությունից էլ են եկել, ջերմասիճանը ստուգել, լրացուցիչ միջոցներ էլ ենք ձեռնարկել` ջեռուցման ամենաբարձր ռեժիմն ենք դարձրել, լրացուցիչ էլեկտրատաքացուցիչներ ենք տեղադրել առաջին հարկում: Դպրոցի հետ պայմանագիր ունենք ու ջեռուցման վարձերի 50 տոկոսը մենք ենք վճարում: Դասաժամերը նորմալ հունով ընթանում են, դասաժամերի կրճատում չի եղել, իսկ դպրոցի 420 երեխաներից 16-18-ն է բացակայել այս օրերին»,- ասում է պարոն Պետրոսյանը:

Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանն ուղղակի բացառում է, որ դասասենյակներում այնքան ցուրտ լինի, որ անհնարին լինի դասապրոցեսներին մասնակցելը: Քանի որ միեւնույն շենքում են, եւ ջեռուցումը համամասնորեն է իրականացվում, մասնաշենքերում առկա ջերմատիճանի տարբերույթունը 1-2 ջերմաստիճան կարող է լինել: Այսքան տարիների ընթացքում դեռեւս նման բողոք չէր եղել: «Տաքացումը կատարվում է համամասնորեն բոլոր մասնաշենքերում, 16 աստիճանից չի իջել ամենացուրտ օրերին: Յուրաքանչյուր ամսվա համար մենք մոտ 1 միլիոն դրամ գումար ենք ծախսում, 950 հազար դրամ նոյեմբեր ամսվա համար, 1,2 միլիոն էլ դեկտեմբեր ամսվա համար եւ ծախսած գումարը կնքված պայմանագրի համաձայն հավասարաչափ վճարվում է 2 դպրոցների կողմից: Միջանցքներում մարտկոցները չկան, դրսից ցուրտ է մտնում դասասենյակները, պատուհանների մի մասը միատակ են, բայց այս ամենով հանդերձ ամեն ինչ արել ենք, որպեսզի տաք լինի` ճեղքերը փակել պոլիէթիլենային թաղանթով եւ այլն: Իմ գործունեությունը սկսվում է դասասենյակներում ջերմաչափումով, հազվադեպ է լինում,  որ 16 աստիճան է լինում, գիտենք, որ նորման 17 -18 աստիճան է, եւ ամեն հնարավորն անում ենք  դա ապահովելու համար:  319 աշակերտ ունենք, որից 13-ն է բացակա, դա էլ հիմնակնում պայամանավորված է գրիպի վիրուսով», – պարզաբանում է Մարինե Դավթյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031