Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք դատարանի դահլիճում

Հունվար 27,2012 20:21

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 1-ին հարկում գտնվող քրեական գործերի համար նախատեսված 1-ին դահլիճում շարունակվում էր հանրության համար մեծ հնչեղություն ստացած Միխայիլ Բաշչկովի դատավարությունը։ Նա մեղադրվում է ՀՀ Քրօր–ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանությունը երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով։ Նշված դատական նիստի ժամանակ դատարանի ողջ շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որն իրականացնում էին նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցները։

Դատական նիստը նախագահում էր դատավոր Վլադիմիր Գրիգորյանը։ Երբ դատական նիստի ժամանակ դատավոր Վ. Գրիգորյանը հարց է ուղղում ամբաստանյալ Բաշչկովին, թե արդյոք նա պատրաստ է դատարանում ցուցմունք տալու, ամբաստանյալը պատասխանում է, որ ինքը դեռևս պատրաստ չէ ցուցմունք տալու։ Այդ ժամանակ դատարանի դահլիճում նստած, Բաշչկովի կողմից սպանվածներից մեկի հայրը դահլիճից արձագանքում է՝ «Ինչի՞ պատրաստ չես, քո զոհի երեխուն ո՞վ ա պահելու», ինչից հետո դահլիճում ներկա գտնվող տուժողների հարազատները հարձակվում են ամբաստանյալի վրա։

Այդ պահին դատական կարգադրիչներն ու ոստիկանության հատուկ ուղեկցող գնդի աշխատակիցները փորձում են ամբաստանյալին հատուկ մուտքով տեղափոխել խուց։ Սակայն, դահլիճում ներկա գտնվողներից՝ տուժողների հարազատներից թվով 20-25 հոգի հարձակվում են նաև ուղեկցողների և կարգադրիչների վրա։ Երբ դատական կարգադրիչ Արմեն Օհանյանը փորձում է փակել երկաթյա ճաղավանդակի դուռը, հետևից հարձակվում են նրա վրա, եւ նա աջ դաստակի կոտրվածք է ստանում։ Դատարանի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ միջադեպի ժամանակ ուղեկցող գնդի ոստիկաններից մեկի ատրճանակը վայր է ընկել, բարեբախտաբար դատարանի կարգադրիչները կարողացել են կանխել, որ բարկացած ամբոխը չկարողանա վերցնել գետնին ընկած ատրճանակը։ Երբ դատավորը տեսնում է, որ դրությունը լարված է, ահազանգում է ոստիկանություն։

Ժամանում է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը, սակայն ինչպես դատարանի բակում պատմել են ֆոտոլրագրողին՝ «բանը բանից անցած է եղել արդեն. կարգադրիչները միջադեպը հարթած են եղել և զբաղվում էին իրենց աշխատանքով»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բաշչկովի կողմից կատարված դեպքը տեղի է ունեցել 2010-ի օգոստոսին՝ Նուբարաշենում գտնվող կապի զորամասում։ Այդ զորամասը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

Այսօր դատարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև ամբաստանյալ Բաշչկովը, իսկ դատարանի դահլիճի պատին կային կռվի հետքերը։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031