Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը

Հունվար 27,2012 19:57

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:

Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:

Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:

Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։

Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:

Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:

Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ,

Մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի և Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի և ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից և դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը:

Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը և նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց և այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ և պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել և բանակի արժանի ընկալում ձևավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով։ Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով և առանձնահատուկ ջերմությամբ։

Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է քսան տարվա ընթացքում։ Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը և 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի և ողջ հայության առջև։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսևորում է լավագույն կողմերով և բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության և վերելքի:

Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031