Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմա ՀԱԿ-ում քաղբանտարկյալներ չկան. բոլորն էլ «նախկին» են

Հունվար 27,2012 18:42

Վերջերս իր մամուլի ասուլիսում անդրադառնալով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի` ՄԻԵԴ-ից իր գանգատը ետ վերցնելու մտադրությանը, ՀԱԿ իրավական աջակցության հանձնախմբի համակարգող, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ եթե Սիրունյանը ետ վերցնի ՄԻԵԴ-ից իր դիմումը, ապա կդադարեն նրան համարել քաղբանտարկյալ: Երեկ էլ ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանն է «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Կոնգրեսի կողմից քաղբանտարկյալ հայտարարված եւ այսօր ՀԱԿ-ին քննադատած Սամվել Աբովյանի վերաբերյալ ասել, թե «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումն, ու նրա գործը` կարճվել, քանի որ նա ծառայություններ է մատուցել ռեժիմին։ Ավելի կոնկրետ. նա ցուցմունքներ էր տվել համաժողովրդական շարժման դեմ: Այդ պահից սկսած՝ Կոնգրեսը դադարել է նրան համարել քաղբանտարկյալ կամ քաղաքական հալածյալ»։

Aravot.am-ը «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանից հետաքրքրվեց` ո՞վ կամ ովքե՞ր են ու ի՞նչ չափանիշներով է, որ կարող են մարդուն քաղբանտարկյալ հայտարարել կամ «չեղյալ» համարել նրա քաղբանտարկյալ լինելը: «Մարդը քաղբանտարկյալ է, թե՞ ոչ` որոշում են իրավապաշտպաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները: Կան չափանիշներ, որոնք սահմանել են իրավապաշտպան, մասնավորապես` Amnesty International, հեղինակավոր կազմակերպությունները: Դժվարանում եւ չեմ էլ ուզում մտնել մարդկանց անձնական հարաբերությունների դաշտ, բայց եթե մարդն իսկապես ենթարկվել է քաղաքական հետապնդումների, առավել եւս դատապարտվել է քաղաքական շարժառիթներով եւ հայտարարվել քաղբանտարկյալ` ուրեմն վերջ. նա քաղբանտարկյալ է»,- պատասխանեց նա:

Իսկ եթե այդ քաղբանտարկյալը դատապարտվել ու ազատ արձակվելուց հետո ինչ-որ մեկի կամ քաղաքական ուժի տեսանկյունից իրեն «լավ չի պահում» դա արդյոք ի չի՞ք է դարձնում նրա քաղբանտարկյալ եղած լինելը: «Ի՞նչ է նշանակում լավ չի պահել»,- մեր հարցից տարակուսեց իրավապաշտպանը: Ստիպված էինք օրինակներ բերել. երբ քննադատում է այն կազմակերպությանը, որն իրեն քաղբանտարկյալ էր հռչակել, փոխել է քաղաքական այն կողմնորոշումը, որն ուներ իրեն քաղբանտարկյալ ներկայացրած քաղաքական ուժը, սկսել է համագործակցել այն իշխանությունների հետ, որոնք նրան հետապնդել են, կամ երբ իր գանգատը ետ է վերցրել ՄԻ Եվրոպական դատարանից: «Նախկինում դիսիդենտներն այդօրինակ երեւույթներին շատ վատ էին վերաբերում: Իհարկե, բանը նրանց քաղբանտարկյալ չհամարելուն չէր հասնում, բայց փորձում էին այդ մարդկանց հետ չշփվել: Դա մի քիչ նուրբ թեմա է: Բայց այն մարդուն, ով դատապարտվել է քաղաքական շարժառիթներով եւ ճանաչվել է որպես` քաղբանտարկյալ, ոչ ոք չի կարող ասել, որ այլեւս քաղբանտարկյալ չէ: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ից գանգատ ետ վերցնելուն, ապա` դա շատ կոշտ եւ սխալ մոտեցում է, ավելին` դա, այսպես ասած`«զապադլո» է համարվում: Մյուս կողմից, ՀԱԿ-ում հիմա ընդհանրապես քաղբանտարկյալներ չկան, թող ոչ ոք իրեն քաղբանտարկյալ չհամարի: Կան նախկին քաղբանտարկյալներ, այդ թվում` Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը: Այո, նրանք բոլորն էլ նախկին քաղբանտարկյալներ են: Զարմանում եմ, թե այստեղ քննարկման թեման ո՞րն է»,- հայտարարեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031