Այսօր լրագրողներին հանդիպեցին երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը եւ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` խոսելով ՀՀ քսանամյա զինված ուժերի ձեռքբերումներից ու բացթողումներից:
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ բանակի կազմավորման քսանամյակը համազգային տոն է, եւ պետք է հասնենք նրան, որ համայն հայությունը, թեկուզ փոքրիկ սեղանի շուրջ, բայց բաժակ բարձրացնի իրադարձության առթիվ. «Զինված ուժերը մեր պետության գլխավոր անկյունաքարերից են եւ փաստ է, որ անկախության նվաճումից հետո մեր զինված ուժերը 20 տարի շարունակ` յուրաքանչյուր օր, լուծել են մեր ապահովության խնդիրը»:
Դավիթ Ամալյանը բանակը համարում է միակ կատարյալ արժեքը. «Ստեղծագործողը մեռնում է կատարյալ դառնալու ճանապարհին, նույն կերպ էլ բանակն է անընդհատ կատարելագործվում: Ջիգյարով ենք ասում `«հզոր բանակ», բայց պետք է պատասխանատու լինենք այդ խոսքերի համար»: Ամալյանը հավելեց, որ անկախ մասնագիտությունից` մարդիկ բանակը պետք է սիրեն հարազատ որդու պես, քանի որ, ինչպես ասվում է, սիրված երեխան լավ մարդ է դառնում:
Հարցի շուրջ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բանակը սիրելու հետ մեկտեղ, պետք է առկա լինի առողջ քննադատություն. «Ծնողը չպետք է երեխային ստորացնի: Երեխան ժառանգում է ընտանիքի բարքերն ու թերությունները, հետեւաբար` պետք է սիրել եւ կշտամբել նրան՝ անհրաժեշտության դեպքում»:
Կարդացեք նաև
Դավիթ Ամալյանը բանակի բացթողում է համարում մշակույթի բացակայությունը. «Մշակույթը միայն երգելն ու պարելը չէ, այլ՝ հասարակության հետ շփումը»: Բանախոսը կցանկանար, որպեսզի զինվոր-սպա հարաբերությունները լինեին բացարձակ ընտանեկան. «Պետք է լինի ժողովրդական բանակ: Չեմ ասում, թե զինվորները պետք է տարազ հագնեն, բայց թող սրտով հայ լինեն, քանի որ պետություն-հայրենիք հասկացությունների նույնացման ճանապարհին բանակը կապօղակ է»: Անդրադառնալով բանակային միջոցառումներին` երգահանն անկեղծացավ, որ բանակային շքերթների ժամանակ հուզվել է. «Ես ռուսների միջոցառումների ժամանակ ցինիզմ չեմ տեսել, ինչպես մեր պարագայում: Պետք է հասկականք, որ դասական երաժշտությունը նաեւ բանակի համար է : Բանակային կուլտուրան պետք է բարձր լինի, իսկ շոուն` ասելիք պարունակի»:
Երգահանը ընդգծեց նաեւ, որ սխալ է՝ օգտագործել «ղարաբաղցի-հայաստանցի» հասկացությունը. «Դա քաղցկեղի բջիջ է եւ վտանգավոր: Պետք չէ դրանք տարանջատել, ու երեխային ղարաբաղ բանակ ուղարկելուց լաց լինել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ