Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: «Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար` Ռուբինը նշել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի տնտեսության հաջող կառավարման համար` և որպես Կենտրոնական բանկի նախագահ, և որպես վարչապետ»:
Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ստեղծման համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաև ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը
Կառավարության մամուլի հաղորդագրություն