Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարկաբեկվում է քաղբանտարկյալների կարգավիճակով կալանավորվածներից ոմանց պատմությունը

Հունվար 27,2012 16:18


«Առավոտի» հարցազրույցը Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:

Իբրեւ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի նախկին համակարգող, ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս ծավալվող բանավեճերին, թե ով ինչ պայմաններում է եղել ՔԿՀում, ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ, ով ինչ պայմաններով է ազատ արձակվել եւ այլն

– Նախկին քաղբանտարկյալների մասնակցությամբ սկսված այս վեճը, որ ավելի շուտ ոչ թե վեճ, այլ ցածրակարգ ռազբորկա է հիշեցնում, տխրեցնող է: Որպես խորհրդային տարիների քաղբանտարկյալ, որն իր կյանքի մի ոչ փոքր հատված անց է կացրել կալանավայրերում եւ լավ է պատկերացնում այդ միջավայրը՝ վստահորեն կարող եմ ասել, որ շատ ավելի հեշտ է կալանավայրում քաղբանտարկյալ լինելը, քան ազատվելուց հետո, արդեն դրսում, նախկին քաղբանտարկյալի կոչումը բարձր պահելը:

Տխրեցնող է, երբ նախկին քաղբանտարկյալն, արդեն ազատության մեջ, մեկն ինքնահաստատվելու նպատակով, մեկն իր օրվա հացի հարցը լուծելու համար, մյուսը կալանավայրում ունեցած խնդիրներից ձերբազատվել չկարողանալու պատճառով, մեկ ուրիշը թվացյալ կամ տեղին վիրավորանքից դրդված՝ մտնում է այս կարգի հրապարակային պարզաբանումների դաշտ: Մարդը քաղբանտարկյալ է դառնում ոչ թե իր, այլ օրվա իշխանությունների կամքով, բայց արդեն ներկա ու նախկին քաղբանտարկյալի կարգավիճակը որպես պարտավորություն կամավոր է հանձն առնում, ու կարծում եմ, պետք է դրանից բխող պարտականությունների շրջանակներում մնա:

Այդ օրվա իշխանություններն են նրանց բոլորին իրենց անօրեն դատարանների միջոցով բանտարկել, այդ օրվա իշխանություններն են որոշել, թե նրանցից ով ինչ պայմաններում է նստելու, ում դուռն է փակ մնալու, իսկ ում դուռր բաց, ով է երբ եւ ինչ պայմաններով ազատ արձակվելու, ում ինչքան ու ինչ կարգի ճնշումների են ենթարկելու, իսկ ում բացարձակապես չեն ճնշելու, ում նկատմամբ են ֆիզիկական բռնություն կիրառելու, եւ ում մատով անգամ չեն կպնելու: Սա պարզ ճշմարտություն է: Զարմանալի է, որ երեք տարի շարունակ տարատեսակ փորձությունների ենթարկված մարդկանցից ոմանք չկարողացան այնքան փորձառություն ձեռք բերել, որ այսօր կարողանային վեր կանգնել իրար այս կարգի մեղադրանքներ ներկայացնելու գայթակղությունից:

Քաղաքական հետապնդումներ ու հալածանքներ իրականացնող իշխանությունների կամայականությունների արդյունքում հասարակական տարբեր կարգավիճակներ ու կյանքի մասին տարբեր պատկերացումներ ունեցող մարդիկ հայտնվեցին մի ճամբարում եւ քաղբանտարկյալներ դարձան: Այս հանգամանքը նրանց կարող էր եւ պետք է հաշտեցներ: Նրանցից շատերը, ինչքան ես գիտեմ, այլեւս բարեկամներ են, բայց ոմանք հաշտեցման եւ բարեկամության համար, պարզվում է, դեռ ճանապարհ ունեն անցնելու:

Թեեւ մանկական պատճառաբանություն է՝ «ով առաջինը սկսեց»-ը, բայց Ձեր կարծիքով, ո՞վ է այս ամենի նախահարձակ մեղավորը, պատասխանատուն, ո՞վ սկսեց նման քննարկումները:

-Վստահ եմ, որ այս ամենն իշխանությունների մշակած սադրանքի արդյունք է: Ոմանք ակամա դառնում են այս սադրանքի մասնակիցը: Սա խոսում է այս վեճ-պարզաբանմանը մասնակցածների միամտության ու անհեռատեսության մասին: Նրանցից յուրաքանչյուրի նետած բումերանգը հենց իրեն է վերադառնում: Այն, ինչ մեկն ասում է մյուսի մասին` նույնը կարող է ասել այս մեկն իր մասին ու ասում է: Սա ենք հասկանում մամուլում եղած նրանց փոխհրաձգություններից: Այս պահին արդեն հարկավոր է խոսել ոչ թե այն մասին, թե ով առաջինը խոսեց, այլ այն մասին, թե ով առաջինը ԿԼՌԻ:

Չե՞ք կարծում արդյոք, որ այսպիսով ընդհանրապես վարկաբեկվում է քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների անցած 3 տարիների պատմությունը:

Այո, իհարկե, վարկաբեկվում է: Բայց ցանկանում եմ հատուկ շեշտել, որ վարկաբեկվում է ոչ թե քաղբանտարկյալ հասկացությունն ընդհանրապես, այլ 2008-ի նախագահական ընտրությունների հետեւանքով քաղբանտարկյալների կարգավիճակով կալանավորվածներից ոմանց, միայն ոմանց, պատմությունը: Մենք գիտենք նախկին եւ ներկա փայլուն քաղբանտարկյալների, ովքեր կարողանում եւ կարողացել են բարձր պահել այդ կոչումը եւ վեր կանգնել տարատեսակ կենցաղային ու առօրեական վեճերից ու առեւտուրներից:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031