Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ

Հունվար 27,2012 16:09

20 տարի առաջ` Հայրենիքի արեւելքում ընթացող արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ: Քարինտակի, ապաեւ մյուս շեների ու եզերքների հաղթական հերոսապատումներով կոփվեց մեր բանակը, որն իր թիկունքում մշտապես զգացել է հայ շինականի, ռամիկի, մտավորականի շունչը եւ փառավորվել հայ մայրերի օրհնանքով:

Այսօր էլ Հայոց բանակը տարածաշրջանի առավել մարտունակն է, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության եւ համայն հայության հպարտության աղբյուրը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջեւ, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին` մատուցելով ամբողջական եւ բացառիկ ծառայություն հանուն պետության անվտանգության ու ազգային շահի: Եվ պետականորեն պատասխանատու ընթացիկ նախընտրական տարում հրամայական է դառնում ազգային-պետական այս կարեւորագույն հանրակարգի ներքաշման բացառումը ներքաղաքական գործընթացներում:

Անհրաժեշտ է նշել, որ տարեցտարի նվազում է մեր բանակում տեղի ունեցող օրինախախտումների թիվը: Սակայն սա չի կարող ինքնահանգստանալու առիթ հանդիսանալ: Քանի դեռ մեր բանակում անկարգապահության կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով կարող է խաթարվել թեկուզ մեկ հայ զինվորի առողջությունը կամ, որ վատթարագույնն է, ընդհատվել նրա կյանքը, մենք` բոլոր քաղաքական ուժերը, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրտսեր հրամանատարները, հասարակությունը եւ նրա յուրաքանչյուր անդամ պետք է ուշադրության կենտրոնում պահեն բանակի խնդիրները, ամեն ինչ անեն, որպեսզի նման դեպքերն այսուհետ չկրկնվեն, իսկ կրկնվելու դեպքում` բացահայտվեն ու մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը, որպեսզի բանակում, ի վերջո, արմատավորվի յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի մարդկային եւ քաղաքացիական իրավունքները լիակատար կերպով հարգելու մշակույթը: Ահա սրա մեջ է իրական ազգային անվտանգության գրավականը:

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը` Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, եւ մաղթում հզորություն ու խաղաղություն:

 

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031