Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանն էր ասել՝ բենզինը ինչ քանակով դուրս գրվի

Հունվար 27,2012 15:42

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, 1-ի սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ցուցմունքներ տվեց եւ հարցաքննվեց դատակոչված 4 վկա: Վառելանյութի առանձնապես խոշոր չափի յուրացման մեջ մեղադրվողների գործով վկաները պնդեցին, որ բենզին են ստացել փուլ առ փուլ, ստացել են քիչ, սակայն հաշվետվության մեջ ավել են գրել:

1-ին գումարտակի վաշտի հրամանատար Եղիշ Ենգիբարյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքների եւ դատարանում տվածի մեջ մեղադրող Հարություն Հարությունյանը հակասություններ տեսավ, թեեւ գնդապետի կոչումով այս մարդը հայտնեց, թե նախաքննության ժամանակ ասել է. «Լսել է խոսակցություններ՝ բենզինի պակասի պատճառով տեսուչների բողոքների մասին»: Նա նախաքննության ժամանակ նաեւ ասել էր. «Չնայած մեր բողոքներին՝ երբեւէ ղեկավարությունը ընթացք չի տվել: Ծառայությունն ընթացել է որոշակի բարդություններով»:

Իսկ դատարանում նշեց. «Քննիչն ասաց, թե՝ լսել եք, գրեք, գրեք, որ շաբաթը 2 օր բենզին չի տրվել»: Վկան ավելի հեռուն գնաց. «Ես չեմ գրել լսել բառը»: Դատարանը հրապարակելով նրա ցուցմունքները, հրապարակեց նաեւ եզրափակիչ մասն էլ. «Ցուցմունքը գրված է իմ ձեռքով»:

Չնայած հարց չտրվեց, թե ով է «հանել» «լսել» բառը, սակայն դատավորը հարցրեց. «Քննիչի կողմից բռնություն եղե՞լ է»: Գնդապետը հայտնեց, ոչ եւ պնդեց նույնը:

Վկա Յուրիկ Հովհաննիսյանն անցյալ տարվա հունիսից է նշանակվել 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար: Նա հայտնեց, որ Ստեփան Կարախանյանից ստացել է բենզին 2 փուլով՝ ամսվա մեջ 2 անգամ: Ստացել է 6000 լիտր, բայց ամսվա վերջին հաշվետվությամբ ցույց են տվել 15 000 լիտր: Պակասի հետ կապված իրեն ասել են, որ պահեստամասերի եւ անվադողերի համար է արվում: Ըստ վկայի, գումարտակի ավագ տեսուչ Ծառուկյանն էր ասել, թե բենզինն ինչ քանակով պիտի գրվի: Ու երբ մեղադրողը հարցրեց՝ ճշտե՞լ էիք գումարտակի հրամանատարի հետ, վկան բացասաբար պատասխան տվեց եւ «Եթե համաձայնեցված չլիներ, հաշվետվությունը Կարախանյանը չէր վերցնի»:

Վկա 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանն էլ հիշեց, որ ստացել են 4-4,5 տոննա, հաշվետվությամբ ցույց են տվել 8, միչեւ՝ 12 000 լիտր: Խոսքը անցյալ տարվա հունվարից հետո 7 ամսվա ժամանակահատվածի մասին էր: Իսկ 2009թ. հունվարից 2011թ. հունվար ժամանակահատվածի համար պնդեց նախաքննության ժամանակ ասվածը. չէր հիշել:

4-րդ վկան՝ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, 2011թ. դեկտեմբերից գործազուրկ Կարո Կարապետյանն անցյալ տարվա մայիսին ստացել է 6000 լիտր, ցույց է տրվել 14 000: Մեղադրողի հարցը, թե «որեւէ մեկին հարցրեցի՞ք բենզինն ում գրպանը գնաց»՝ մնաց անպատասխան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031