ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված քննարկմանը նշեց, որ ՀՀԿ-ն չի մարսել այն, ինչ կատարվել է 2008-ին:
Aravot.am-ի հարցին ի պատասխան` ինչպե՞ս են դրսեւորվել հանրապետականների մարսողական խանգարումները` պարոն Իգիթյանն այսպես մեկնաբանեց. «Ես նկատի ունեմ այն իրավիճակը, որ 4 տարի շարունակ մեր պետությունը եղել է ճնշումների տակ, բազմաթիվ դիվանագիտական բացթողումներ է ունեցել, անընդհատ, 4 տարի շարունակ ստիպված է արդարանալ տարբեր միջազգային կազմակերպությունների առաջ: Մեզ համար Եվրախորհուրդը սարսափելի մի բան էր, որին նստաշրջանից նստաշրջան, զեկուցողների գալուց դողալով ամբողջ հանրապետությունը պատրաստվում է, թե երբ Պրեսկոտը գա` ինչ պետք է պատասխանեն: Եթե դուք դա համարում եք նորմալ երկիր, նորմալ դիվանագիտություն, երբ մոռանալով աշխարհի պրոբլեմները, մենք զբաղվում էինք միայն աշխարհին սկզբից ապացուցելով, որ 2008-ին միայն 10 հոգի մարդ չենք սպանել, հետո` թե սպանել ենք պատահական, հետո` այո, այդպես ստացվեց, բայց մեղավորներին չենք գտնում, հետո` մարդկանց նստացնում ենք, ասում ենք խուլիգաններ են, հետո` թե քաղաքական պատճառներ չկան, հետո` չէ, կային, բայց արդեն բաց էինք թողել: Այսինքն` սա նշանակում է, որ չեն մարսել, այս ամեն ինչը օրակարգում կա: Եվ եթե այս ընտրությունները լինեն մոտավորապես նույն ձեւով, այս բոլոր մեղքերը նորից կգան օրակարգ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ