Ամեն ուրբաթ, ՀՀ նախագահի նստավայրի առաջ հավաքվող հաշմանդամ օդաչուներին, որոնք պետությունից ընդամենը պահանջում են իրենց պարտք մնացած գումարները, այսօր էլ ոչ մի ռեալ պատասխան չտվեցին:
Եթե նախորդ բողոքի ակցիաների ժամանակ, գոնե նախագահականի նամակների բաժնի ղեկավարը՝ Աիդա Ասատրյանն էր դուրս գալիս, նրանց լսում եւ դիմումն ընդունում, ապա այսօր նա էլ նպատակահարմար չէր գտել անձամբ պատասխանելու: Նա մարդ էր ուղարկել՝ ցուցարարներից մեկին իր մոտ հրավիրելով:
Սակայն իշխանություններից վիրավորված հաշմանդամ օդաչուներից եւ ոչ մեկը տիկին Ասատրյանի հրավերը չէր ընդունել: «1-2 հոգու տանում են, հարձակվում վրաներս ու վախեցնում: Մենք պահանջում ենք հանդիպում Վիգեն Սարգսյանի հետ եւ ոչ թե արդարադատության նախարարի, ինչպես նախորդ անգամ, գլխներից ցրելու համար մեզ նրա մոտ էին ուղարկել: Նախագահականից ասեցին՝ մենք ձեզ կզանգենք, կգնաք արդարադատության նախարարի մոտ, բայց մինչեւ էսօր ոչ ոք չի զանգել»,- Aravot.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էին տարեց օդաչուները:
Կարդացեք նաև
Նրանք հաջորդ ուրբաթ էլ պայմանավորվեցին հանդիպել նախագահականի մոտ:
Նշենք, որ այս օդաչուներն աշխատել են «Հայկական ավիաուղիներ» ընկերությունում՝ եւ հաշմանդամ են դարձել, իրենց պարտականությունները կատարելու ժամանակ: Սակայն 2005-ին լուծարված «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկ է ճանաչվել, ինչի պատճառով օդաչուները չեն կարողացել ստանալ իրենց հասանելիք գումարները: Իսկ պետությունը հրաժարվում է նրանց փոխհատուցել՝ պատճառաբանելով, որ իրավահաջորդ չկա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ