Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աղաբլիթի ավանդույթը գեղեցիկ է, բայց առանց գուշակության»

Հունվար 27,2012 14:04

Տեր Եսայի քահանա Արթենյանի մեկնաբանությունները՝ Սուրբ Սարգսի եւ Սուրբ Վալենտինի տոների առիթով

Շուտով Երեւանի փողոցներում կհայտնվեն կարմիր սրտիկների տեսքով հուշանվերներ, բացիկներ, որոնք սիրահար զույգերը միմյանց նվիրում են  ամեն տարի փետրվարի 14-ին ու այդպիսով, ըստ իրենց, նշում Սբ. Վալենտինի տոնը:

«Խնդիրն այն է, որ Վալենտինի ով լինելը հստակ հայտնի չէ: Ասում են՝ կա երկու Վալենտին, որոնցից մեկին կաթոլիկ եկեղեցին ընդունում է, իսկ մյուսին՝ ոչ:  Այն Վալենտինի տոնը, որ մենք ենք նշում, չկա կաթոլիկ եկեղեցու տոնացույցում: (Նկատի ունի այն ավանդությունը, ըստ որի՝ Սբ. Վալենտինի սիրելիները փոքրիկ սրտաձեւ բացիկներ են ուղարկել նրան, երբ վերջինս բանտարկված է եղել- Թ. Գ.): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է մյուս Վալենտինին, ով գաղտնի ամուսնացրել է զինվորականներին եւ դրա համար մահվան է դատապարտվել: Շատ հաճախ մեր ժողովուրդը խճճվում է այս ամենի մեջ, ու չի հասկանում, թե ինչ տոն է նշում»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հոգեւորականը նաեւ հավելեց. «Փառք Աստծո, հիմա մարդիկ ավելի շատ փորձում են հետեւել հայ եկեղեցու տոնին: Դրանում մեծ դեր ունեցան Մայր Աթոռը, Արարատյան հայրապետական թեմը ու նաեւ հասարակական աջակցություն եղավ՝ ընդառաջ եկեղեցու մոտեցման»: Քահանան ասում է, որ Հայ առաքելական եկեղեցու տոնի՝ Սուրբ Սարգսի օրվա հետ կապված, ամեն ինչ պարզ է ու հասկանալի. մենք գիտենք ուր գնալ եւ ում աղոթել:

«Սուրբ Սարգսի տոնը լավ առիթ է հիշելու Սուրբ Սարգսին եւ նրա նահատակ որդուն: Նրանք նահատակվեցին հանուն քրիստոնեության եւ ոչ թե միայն հանուն գաղափարի, այլեւ հանուն կյանքի ու փրկության: Մենք մեծ սիրով ու երկյուղածությամբ ենք մոտենում այս տոնին: Եվ չնայած Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէր, բայց նա ընդունվել է մեր ժողովրդի կողմից, ընկալվել եւ ինչ-որ տեղ՝ հայացվել,- նշեց տեր Եսային:- Սուրբ Սարգիսը միշտ մեր ժողովրդի կողմից ընկալվել է որպես երիտասարդների երազանքները, նպատակներն իրականացնող սուրբ եւ ժողովուրդը նրան ասել է մուրազատու»: Ինչպես ընդգծեց տեր հայրը, Սուրբ Սարգիսը ոչ թե սիրահարների հովանավոր սուրբն է, այլ երիտասարդների եւ առհասարակ բոլոր մարդկանց բարի, մաքուր իղձերը կատարողը:

Ըստ տեր Եսայու, Սբ. Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը հին ու գեղեցիկ ավանդույթ է, որը գալիս է հին ժամանակներից. «Գեղեցիկ է, քանի դեռ դրա մեջ չի դրվել գուշակություն: Եկեղեցին պահպանում է ազգային գեղեցիկ ավանդույթները, քանի դեռ դրանք չեն խեղաթյուրվում եւ չեն վնասում մարդու հոգեւոր կյանքին…»:

Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, եւ այդ օրը բոլոր եկեղեցիներում երիտասարդների օրհնություն է լինելու:

ԹԱՄԱՐԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031