Լրահոս
Օրվա լրահոսը

Կմրցեն ՀՀԿ-ական պաշտոնակատարն ու բազմամյա փոխտնօրենը

Հունվար 27,2012 13:47

Սոնա Ռուստամյանը պնդում է, որ իր մրցակիցը վայելում է «վերեւների» աջակցությունը:

Այսօր Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցում կկայանան ընտրություններ: Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կպայքարեն 33 տարվա մանկավարժ, որից 26-ը դպրոցում փոխտնօրեն աշխատած Սոնա Ռուստամյանը եւ ՀՀԿ անդամ ու դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Գալստյանը:

Սոնա Ռուստամյանը նամակներ է գրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կրկնօրինակներն էլ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ԿԳ նախարարին եւ «Առավոտ» թերթին, որտեղ կարծիք է հայտնել, թե իրենց դպրոցի պարագայում ավելի տեղին է կիրառել «նշանակում», քան «ընտրություն» տերմինը: Տիկին Ռուստամյանն իր նամակում պնդում է, որ Սուսաննա Գալստյանը վայելում է քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի, ՀՀԿ-ի աջակցությունը, եւ իրեն նույնիսկ առաջարկ է արվել անտեղի չմասնակցել մրցույթին ու հանել թեկնածությունը:

Նա համարում է, որ երկակի չափանիշներ են գործում դպրոցում. չնայած ինքը բազմամյա փոխտնօրեն է, իրեն չեն նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ պատճառաբանելով ղեկավարման իրավունքի հավաստագրի բացակայությունը, մինչդեռ Սուսաննա Գալստյանին առանց վերապատրաստման ու հավաստագրի՝ ժամանակին նշանակել էին թիվ 21 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

«Բոլորովին վերջերս պարզվեց, որ մեր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Գալստյանը 2011 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատանքի է ընդունել-ձեւակերպել իր եղբորը որպես ռադիոտեխնիկ, որին ոչ տեսել, ոչ էլ ճանաչում է դպրոցի աշխատակազմը՝ վճարելով 4 ամսվա աշխատավարձ եւ 2 անգամ պարգեւատրում: Պարգեւատրման չափերը չեն քննարկվել ոչ դպրոցի խորհրդում, ոչ էլ արհկոմի նախագահի մոտ»,- գրում է Սոնա Ռուստամյանը իր նամակում ու քաղաքապետին առաջարկում՝ հաշվի առնելով իր նշած փաստերը, դադարեցնել ընտրությունները, վերանայել Սուսաննա Գալստյանի՝ որպես դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատրողի համապատասխանությունը:

Մեկնաբանություններ ստանալու համար կապվեցինք Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի հետ: Տիկին Աչոյանն ասաց, որ դպրոցի կոլեկտիվը երկու թեկնածուներին հարգանքով է վերաբերվում եւ որեւէ մեկի հանդեպ վերապահումներ չունի: Հանրակրթության վարչության պետի տեղակալը Սոնա Ռուստամյանի մատնանշած երկակի չափանիշների «մասով» պարզաբանեց, որ Սուսաննա Գալստյանը թիվ 21 դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի տնօրենի մահից հետո, երբ պարտադիր հավաստագիր ունենալու կարգը դեռ չէր գործում. այն ուժի մեջ է մտել 2011-ի հունիսի 30-ից: Սիլվա Աչոյանն ասում է, որ եթե քաղաքապետարանն իսկապես շահագրգիռ լիներ Սուսաննա Գալստյանի նշանակմամբ, ապա չէին սպասի, որ Սոնա Ռուստամյանը հավաստագիր ստանա, հետո մրցույթ անցկացնեին՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:

Ստ. Զորյանի նվան թիվ 56 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Գալստյանի հետ էլ «Առավոտը» զրուցեց: Տիկին Գալստյանն ասաց, թե իրականությանը չեն համապատասխանում Սոնա Ռուստամյանի բերած փաստերը: Իսկ եղբորը աշխատանքի տեղավորելու, պարգեւատրելու «մասով» հավելեց. «Կարգով, Հանրակրթության մասին օրենքով կադրերին ընտրում է տնօրենը, աշխատանքների կազմակերպումը, վերահսկողությունը եւս իրականացնում է տնօրենը: Քանի որ ընտրություններ են, դպրոցի կրթական աջակցությունների գծով տեղակալը ընդամենը ինչ-ինչ քայլեր է անում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում: Մեզ մոտ տեսախցիկներ կան, ծրագրավորում՝ համակարգչի մեջ, որով զանգն ու հիմն է հնչում: Չեմ թաքցնում, այդ աշխատանքները էլեկտրիկի հետ միասին կատարելու համար ազատ գրաֆիկով աշխատանքի է ընդունվել իմ եղբայրը: Ընդ որում, ոչ միայն եղբորս, այլեւ մյուս աշխատողներին պարգեւատրել ենք»:

ՀՀԿ-ի՝ իրեն սատարելու մասին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց. «Եթե այդպես լիներ, ես առաջին փուլով տնօրեն կընտրվեի, մինչեւ երրորդ փուլ չէինք հասնի»: Տիկին Գալստյանը խոստացավ, որ անկախ ամեն ինչից, ինքը չի սրի հարաբերությունները իր մրցակցի հետ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031