Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն կաշկանդված չէ

Հունվար 27,2012 13:41

Հարցազրույց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ

– Ինչպիսի՞ն էր 2011-ը՝ ըստ թվերի:

– 2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ, որոնք իրենց բնույթով եղել են բազմադրվագ, հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործեր: Նշված քրեական գործերից 58-ը եղել են կոռուպցիոն բնույթի: Ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 69 քրեական գործ՝ 131 անձի նկատմամբ:

– Քանի՞սն են կալանավորվել: Կարծիք կա, որ մեղադրյալների նկատմամբ մեծամասամբ նախընտրում եք կիրառել կալանավորումը:

– Ճիշտ հակառակը՝ դատի տրված 131 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 59-ը, իսկ 72-ի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց: Այլ խոսքով՝ առավել հաճախ կիրառում ենք կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց: Կալանքի կիրառումն ինքնանպատակ չէ, եւ նման միջնորդությամբ հանդես ենք գալիս ծանր հանցագործությունների պարագայում, երբ բավարար հիմքեր ենք ունենում՝ կարծելու, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել գործով օբյեկտիվ իրականության բացահայտմանը: Այն է՝ կարող է ազդել վկաների, տուժողների, մյուս մեղադրյալների վրա, խոչընդոտել քննությանը կամ ուղղակի կարող է խուսափել նախաքննությունից:

– Պարոն Միրզոյան, իսկ արդարացումներ եղե՞լ են: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ՀՔԾ-ի կողմից նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործերով մեղադրանքը չի պաշտպանվում կամ չի հաստատվում:

– 2011թ. ընթացքում կարճված գործերից 21-ը եղել են արդարացման հիմքով: Կարեւորը օբյեկտիվ իրականության բացահայտումն է: Իհարկե, ի սկզբանե գերադասելի է խուսափել սխալներից եւ անմեղ մարդուն մեղադրանք չառաջադրել, բայց եթե քրեական գործի նյութերով եղել են տվյալներ, կասկածներ՝ մարդուն մեղադրելու, դա դեռ չի նշանակում, որ ունենք որեւէ կաշկանդվածություն նրան առաջադրված մեղադրանքը ամեն գնով պնդելու: Քննիչների առաջ դրված հիմնական խնդիրն է՝ բացահայտել հանցագործությունները, հետամուտ լինել մեղավոր անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալուն, հանցագործությունների հետեւանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանը: Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ հիմնավորված՝ կոնկրետ գործով: Դուք էլ գիտեք մի քանի քրեական գործեր, որոնց նախաքննության ընթացքում ոչ միայն մեղադրյալն արդարացվել է, այլ նաեւ դարձել տուժող կամ վկա: Գուցե այս ընթացքում լինում են նաեւ թերացումներ, բայց ինքներս մշտապես վերլուծում ենք կատարված աշխատանքը, վեր հանում թերությունները՝ դրանք հետագայում շտկելու, ուղղելու նպատակով:

– Ո՞ր գերատեսչության պաշտոնյաներն են ավելի շատ աչքի ընկել: Խնդրում եմ ներկայացրեք պատկերը՝ ըստ ոլորտների:

– Քննված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից դատարան է ուղարկվել 23 քրեական գործ՝ 47 անձի վերաբերյալ, որոնցից 33-ը՝ պաշտոնատար անձինք: Նրանց թվում են ոստիկանության աշխատակիցներ՝ 16-ը, ՊԵԿ աշխատակիցներ՝ 4-ը, ՏԻՄ (մարզպետարանի) աշխատակիցներ՝ 4-ը, ՔԿՀ աշխատակիցներ՝ 2-ը, ԱԻՆ աշխատակիցներ՝ 2-ը, ԱԱԾ աշխատակից՝ 1-ը:

– Գիտամշակութային, քաղաքաշինության, առողջապահության, հարկային-մաքսային ոլորտների վերաբերյալ կոռուպցիոն քրեական գործեր չեն եղել: Այդտեղ կոռուպցիա չկա՞:

– Ինչպես նախկինում, գիտության եւ կրթության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի, ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, արդարադատության նախարարությունների, քաղաքապետարանների գործունեության հետ կապված՝ ՀՔԾ-ին եթակա ոչ մի քրեական գործ չենք ստացել: Մնում է ենթադրել, որ այդ բնագավառներում կոռուպցիոն բնույթի չարաշահումներ տեղի չեն ունեցել կամ չեն ունենում: Եթե, իհարկե, բացառենք, որ բացահայտման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ չեն իրականացվում: Ես առավել հակված եմ վերջին տարբերակին եւ կարծում եմ, որ գրանցված կոռուպցիոն հանցագործությունները չեն արտացոլում իրական վիճակը: Մի առիթով արդեն ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ եթե կա մաքսանենգության կամ հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ հանցագործության դեպք՝ քրեական գործ, ուրեմն ճնշող մեծամասնությամբ ու հիմնականում առկա է նաեւ օրինախախտ մաքսավոր եւ հարկային տեսուչ: Շատ հաճախ, օրինակ, հարկային իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը սահմանափակվում է տնտեսվարող սուբյեկտների շրջանակում, եւ մենք տեղյակ էլ չենք լինում, իսկ տեսուչներն արդեն մեր սուբյեկտներն են: Կոռուպցիայի հաղթահարումը տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր գրավական է, այն պահանջում է իրավապահ մարմինների համատեղ եւ ներդաշնակ աշխատանք:

– Առհասարակ վերականգնված վնասը որքա՞ն է կազմել:

– Ավարտված քրեական գործերով պատճառված 4.786.429.882 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 908.711.882 դրամը կամ 22,7%-ը: Եթե նկատի ունենանք, որ վնասի վերականգնման եւ քաղհայցի ապահովման նպատակով մեղադրյալների գույքի վրա քննիչների կողմից 3 մլրդ 358 մլն դրամի հաշվարկով կալանք է դրվել, ապա վերականգնումը կազմում է 99,9%: Արձանագրված 4,7 մլրդ վնասից 3,9 մլրդ-ը գոյացել է 4 քրեական գործերով՝ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի եւ մյուսների կողմից կեղծիքների միջոցով 937 000 000 դրամի յուրացում կատարելու, «Ջիլո» ՍՊԸ տնօրեն Հունան Արմենյանի եւ «Գրոսալկո» ՓԲԸ տնօրեն Արմեն Վարդանյանի կողմից 1,2 մլրդ հարկերի վճարումից խուսափելու, «Նորաշեն» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ ոստիկանության աշխատակից Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ բնակարաններ տրամադրելու պատրվակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու, իսկ բնակարանները հետագայում այլ անձանց տրամադրելու, ինչպես նաեւ 2.550.000.000 հարկերի վճարումից խուսափելու, ՀՀ ՃՈ պետ Մարգար Օհանյանի եւ մյուսների կողմից 218.000.

000 ՀՀ դրամի չարաշահումներ ու յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով, որոնցով դատի է տրվել 18 անձ:

– Խորհրդակցության ժամանակ անդրադարձաք դեպքերի, երբ ՀՔԾ-ին ընդդատյա գործերը չեն ուղարկվել ՀՔԾ եւ տեղերում են քննվել:

– Քրեական գործերի ընդդատության հարցը խիստ կարեւոր է, եւ պատահական չէ, որ օրենսդրությամբ է կարգավորվել: Օրինակ՝ ոստիկանի վերաբերյալ գործը չի կարող քննել ոստիկանությունը, քանզի, եթե անգամ օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննությամբ պարզվի, որ տվյալ ոստիկանը որեւէ հանցագործություն չի գործել, միեւնույն է՝ կարող է շահարկման տեղիք տալ: Այս առումով կարեւորում եմ ընդդատությունը: Ընդամենը 10 օրվա ամփոփագրի ուսումնասիրության արդյունքում ի հայտ ենք բերել բազում խախտումներ, հանցագործության դեպքեր, որոնց մասին ՀՔԾ-ն պատշաճ չի իրազեկվել: ՀՀ ոստիկանության Սեւանի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Տիգրան Սիմոնյանը ՌԴ իրավապահ մարմինների կողմից ավազակային հարձակման համար հետախուզման մեջ գտնվող Արտակ Գասպարյանին իրացրել է ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որը վերջինս օգտագործելով՝ տեւական ժամանակ խուսափել է քրեական պատասխանատվությունից: Տիգրան Սիմոնյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու վերաբերյալ քրգործում առկա ապացույցները գնահատելով իբրեւ պաշտոնեական անփութություն՝ 2009թ. հուլիսի 10-ին Էրեբունու քննչական բաժնի քննիչը ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չհիմնավորված, գործի հանգամանքներից չբխող ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել Տիգրան Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքի մեջ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ: Հետագայում՝ 2011թ. նոյեմբերի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազը հիշյալ որոշումը վերացրել եւ նախաքննության կատարումը հանձնարարել է ՀՔԾ-ին: Արդյունքում՝ նա խոստովանել է կատարած արարքը, ինչին տրվել է համապատասխան իրավական գնահատական:

– Պարոն Միրզոյան, Հատուկ քննչական ծառայության դերը սահմանափակ է: Որպես քննչական մարմին՝ ծառայությունն իրականացնում է միայն նախաքննություն եւ օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի: Դա չի՞ ազդում հանցագործությունների բացահայտման արդյունավետության վրա:

– Այո, չունենք օպերատիվ-որոնողական գործառույթ եւ նման ստորաբաժանում: Այս առումով դժվարություններ կան, քանզի մենք չենք կարող օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտել քրեական գործեր եւ այդօրինակ տեղեկությունները ստանում ենք այլ մարմիններից՝ ոստիկանությունից, ԱԱԾ-ից: Ուստի առավել բարդ քրեական գործերով, որպես կանոն, ստեղծում ենք քննչական խմբեր, որոնց կազմում ընդգրկում ենք նաեւ օպերատիվ աշխատակիցների: Համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բոլորս անում ենք նույն գործը՝ պայքարում ենք հանցավորության դեմ: Ձեւավորված համագործակցությունն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Եթե լինում են խնդիրներ՝ աշխատանքային կարգով քննարկում ենք:

– ՀՔԾ-ն խնդիրներ չի՞ ունենում պաշտոնյաների հարցաքննության, կալանավորման ժամանակ: Ինչպե՞ս են նրանք իրենց «պահում»:

– Կան խնդիրներ: Որոշ անձանցից բացատրություններ եւ ցուցմունքներ ստանալու հարցում, օրինակ՝ դատավորների՝ կապված ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 5-րդ կետի հետ, նույնը՝ նոտարների պարագայում: Կան խնդիրներ դատարանների՝ մասնավորապես, խափանման միջոցի կիրառման «երկակի» ստանդարտների, իսկ առանձին դեպքերում՝ ուղղակի անտրամաբանական որոշումների հետ կապված: Ընդհանրապես մեր վարույթում քննվող թերեւս բոլոր քրեական գործերն էլ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, հասարակական վերահսկողության ներքո, ինչը թերեւս պայմանավորված է մեզ ընդդատյա սուբյեկտներով, քրեական գործերի բարդությամբ: Մասամբ ինքներս էլ նպաստում ենք քրեական գործերի հրապարակայնությանը, եւ կհամաձայնեք, որ շատ գործերի, տարբեր պաշտոնատար անձանց ձերբակալությունների մասին տեղեկանում եք հենց մեզանից: Մենք ենք այդ մասին մեր նախաձեռնությամբ իրազեկում հանրությանը, քանզի համոզված ենք, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի մեր աշխատանքների մասին, այդ թվում՝ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ, այնքանով, որքանով որ չի խոչընդոտի գործի քննությանը: Հրապարակային աշխատաոճը տվել է իր արդյունքը, եւ ավելացել է մեզ ուղղված դիմումների քանակը. նախորդ տարի ստացել ենք 659 դիմում՝ 2010 թվականի 547-ի դիմաց: Դիմում են տարբեր հարցերով, ինչը նաեւ նշանակում է, որ վստահում են, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքար մղելուն, քրեական գործերով նախաքննության բազմակողմանիությանը:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031