Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերանները փոփոխությունների հետ չեն հաշտվում

Հունվար 27,2012 13:33

2-րդ կարգի հաշմանդամ, 86-ամյա Սերյոժա Արմենակյանը, որը Հայրենական պատերազմի մասնակից է, իր սեփական մաշկի վրա է զգում, որ մեր երկրում վետերաններն անտեսված են: Նրա խոսքերով, այդ է վկայում մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուների վարած քաղաքականությունը, ըստ որի՝ սահմանափակվեցին նրանց՝ տարիներ ի վեր տրվող արտոնությունները: Չնայած ՀՀ կառավարությունը գտնում է, որ դրանք փոխարինվել են դրամական օգնությունով, ինչը վետերանների համար ավելի ձեռնտու է, սակայն իրենք՝ Հայրենական պատերազմի մասնակիցներն այդ փոփոխության հետ չեն հաշտվում: Ս. Արմենակյանի խոսքերով, բացի արտոնություններից, ժամանակին նրանք բավականին բարձր կենսաթոշակ են ստացել, ինչը ոչ միայն մարդավայել ապրելու հնարավորություն է տվել, այլեւ վետերաններն իրենց գնահատված են զգացել. «Իսկ այսօր մենք զրկված ենք անգամ տարրական հարգանքից: Առանց այդ էլ Հայրենական պատերազմի մասնակիցներից շատ քիչ մարդ է մնացել, կարելի է ասել՝ մատների վրա հաշված: 6 ամիս առաջ, չգիտեմ ինչ փոփոխություններ արեցին՝ թոշակս պակասեց: Սոցապի տարածքային բաժանմունքում հարցնում եմ, թե ի՞նչն է պատճառը, ինձ ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս: Միայն ասում են՝ դե, ոչինչ, կկարգավորվի: Ի՞նչ կկարգավորվի, ե՞րբ կկարգավորվի՝ չգիտեմ: Ամեն ամիս տարբեր չափի թոշակ են տալիս: Հիմա տարբեր տեսակի ու տարբեր անուններով գումարներ են տալիս, ամեն ինչ խճճվում է, մեկ՝ պատվովճար, մեկ՝ դրամական օգնություն ու էլի չգիտեմ՝ ինչ: Ինչո՞ւ էդ ամենը միասնական գումարով չեն տալիս»:

Այս առնչությամբ սոցիալական ապահովության պետական ծառայությունից «Առավոտին» վստահեցրին, որ նախորդ տարի կառավարության որոշում է եղել եւ հաշվարկման կարգ է փոփոխվել, բայց դրանից, ըստ ծառայության պատասխանատուների, Սերյոժա Արմենակյանը չի տուժել, դեռ մի բան էլ նրա թե՛ դրամական օգնությունը, թե՛ պատվովճարն ավելացել է: Ըստ սոցապծառայության մասնագետների, մինչ նախորդ տարվա փոփոխությունը, Սերյոժա Արմենակյանի զինվորական կենսաթոշակը եղել է 32,480 դրամ, իսկ փոփոխությունից հետո՝ 21,385: Սակայն նրա դրամական օգնությունը եղել է 6.800 դրամ, իսկ փոփոխությունից հետո՝ 18 հազար դրամ. «Այնպես որ, նրա գումարը, ըստ էության, չի պակասել: Սրան էլ գումարած 20 հազար դրամ պատվովճարը, դեռ մի բան էլ ավելացել է վետերանին տրվող գումարը: Կարծում եմ՝ վետերանների անհանգստությունը անվանումների փոփոխությունների մեջ է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031