Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յոթ հազար եւ քսան տարի

Հունվար 27,2012 13:28

Թերեւս ճիշտ չէ, որ մեր բանակը քսան տարեկան է: Քանզի յոթ հազար տարի առաջ մեր հեծելազորը Շումերից մինչեւ Եգիպտոս դրության տեր էր, երբ ուզում էին եւ թագավոր ունեին:

Բայց մի օր եղավ այնպես, որ Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին: Երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ ծիսակատարություն եղավ՝ որպես հայրենիքի փրկության ճանապարհ: Իբրեւ գտնվել էր հայոց մայրաքաղաքը փրկելու միակ ելքը:

Անին, միեւնույն է, այլեւս մնաց կախյալ: Հետո եկան թուրք-սելջուկները, ավելի ուշ՝ մոնղոլները, եւ Արեւելքի Հռոմը վերջնականապես խորտակվեց. բնակիչները լքեցին մայրաքաղաքն ու հեռացան:

Թագավոր էր պետք, իսկ մեր թագավորին մենք ուրացել էինք: Եվ անպարտելին մնաց միայն հայոց Այրուձին: Հազարամյակների փորձության միջով անցած այդ մարտունակ ու կազմակերպված, բայց արդեն ցաքուցրիվ բանակը մնաց անթագավոր ու անսպարապետ: Եվ զարմանալի բան. նույնիսկ այդ վիճակում Լենկ Թեմուրը, ով արդեն տիրացել էր աշխարհի կեսին, չկարողացավ ամբողջությամբ գրավել անթագավոր Հայաստանը: Նրա երկաթյա թումաններին դիմակայեց հայոց Այրուձին եւ չթողեց, որ Թեմուրը խորանա երկրում: Եվ Արեւելքի Մեծ Զինվորը հետագայում իր զորավարներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել հայերի հեծյալ բանակից:

Հետո, ավելի ուշ, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, եւ սկսվել էր օսմանյան խավարը, հայոց Այրուձին որբ երեխայի նման հեռացավ հայրենիքից եւ դարձավ թափառական: Անղեկ, անառագաստ եւ աննավապետ՝ նրանք հայտնվում էին այնտեղ, որտեղ կռիվ կար, եւ որպես վարձու բանակ՝ ծառայում էին օտար տիրակալներին: Այդպես կռվեցին Կուլիկովյան դաշտում, մասնակցեցին Գրյունվալդի ճակատամարտին եւ հաղթողների մեջ էին…

Ի՞նչ եղավ հետո: Հետո արդեն իրենց հերոսի փառքով պսակած՝ հայ զինվորներն ու սպաները ցանկալի հյուր դարձան ռուսական եւ եվրոպական արքունիքներում: Եվ նվաղեցին, թուլացան հմայիչ կանանց տաք անկողիններում ու դադարեցին հեծյալ լինել: Այդպես կորցրին իրար, տարրալուծվեցին ավելի բախտավոր ազգերի մեջ, որ հետո ծնունդ տան նշանավոր զորավարների ու իշխանների, բայց արդեն օտար ազգանուններով:

Եվ այսօր վերադարձել է մեր ազգանվան ժամանակը, եւ շնորհավոր տոնդ, մեր ազգային բանակ, մեր Այրուձի, որ վերադարձել ես տուն:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031