«Ինքը ծնվել ա որպես տնային հանձնարարություն», – այսպես սկսեց պատմել իր բլոգի մասին 22- ամյա Անուշ Անանյանը: «Երրորդ կուրս էի, տեղեկատվական մեդիայի PR տեխնոլոգիաներ էինք ուսումնասիրում, ու մի օր դասախոսը մեզ բացատրեց, թե ինչ է բլոգը, ծանոթացրեց wordpress-ին ու հանձնարարեց բոլորիս հաջորդ դասի համար բլոգ բացել»: Շուրջ երկու տարի բլոգը դատարկ է մնացել, այնուհետև հետաքրքրությունը դրդել է Անուշին զբաղվել բլոգով: Սկզբում այն կոչվում էր «Իմ աշխարհը», որը զուտ որպես օրագիր է օգտագործել, ու այնտեղ գրել իր զգացմունքների, ներաշխարհի մասին: Սակայն ժամանակի ընթացքում որոշ բաներ փոխվեցին: Ակնհայտ է նաև, որ Անուշը մանդարին շատ է սիրում: Դա է վկայում նաև բլոգի անվանափոխությունը, այն հիմա կոչվում է` «Մանդարինահոտ գրառումներ»: «Մանդարինների հանդեպ սերը միշտ էլ կար, փոքրուց մանդարիններն իմ մոտ ասոցացվում էին Նոր տարվա հետ ու հերթական նոր տարին էր մոտենում, սոց ցանցերում, որպես ավատար, սկսեցի մանդարինի կճեպներից մարդուկներ դնել, որոշ ժամանակ հետո ընկերներս սկսեցին ինձ Մանդարին անվանել ու գնալով անունն ամրապնդվեց, հիմա կարճ ասում են՝ Մնդո 🙂 »: Մասնագիտությամբ լրագրող Անուշը մեծ սեր ունի նաև սպորտի նկատմամբ, հատկապես՝ ֆուտբոլի: «2006թ. աշխարհի առաջնությունն էր, ընկերներիս մեծ մասը այդ մասին շատ էին խոսում… ես էլ որոշեցի մի խաղ նայեմ, հասկանամ, թե էդ ի՞նչն ա տենց գրավում իրենց ու սիրահարվեցի ֆուտբոլին»: Սկզբում բլոգում էր գրում իր սիրելի խաղերի մասին, բայց հետո այդ ամենը տեղափոխվեց պրոֆեսիոնալ մակարդակ: Վերջին գրառումը մոտավորապես մեկ ամիս առաջ է եղել, «Հիմա բլոգս լրիվ աչքաթող եմ արել, ազատ ժամանակս զգալի կրճատվել է», – ասում է Անուշը: Բլոգը հատուկ ուղղվածություն կամ նպատակ չունի, գրում է առօրյա իրադարձությունների, դրանց ազդեցության մասին, վերարտադրում է ուրախությունն ու տխրությունը, երբեմն էլ ստեղծագործում, ինչպես ինքն է ասում` մեկ- մեկ մուսան իր կողմերով էլ է անցնում, ու այդ դեպքում փոքրիկ ստեղծագործություններ են ծնվում: Ի տարբերություն մյուս բլոգերի` «Մանդարինահոտ գրառումները» երկու ծնունդ ունի, դրա համար էլ Անուշը չի կողմնորոշվում այն նշել բացման օրը, թե այն օրը, երբ բլոգը սկսեց «շնչել»: «Այդպես էլ չկողմնորոշվեցի ու այդ օրվա հետ կապված խելառ բաները մտքումս մնացին», – ասում է Անուշը:
Տիգրանուհի Թասլակյան