Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Չի կարելի առաստաղից վերցնել եւ որոշել, որ կարող ենք ամեն ինչ արտահանել»

Հունվար 27,2012 13:21

Այն, որ կառավարությունը հայտարարել է, թե միջազգային շուկա մենք կարող ենք արտահանել այն ամենը, ինչի կարիքը կա, ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ անիրական է: Նա այս մասին հայտնեց այսօր «Սլաք» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, չի կարելի առաստաղից վերցնել եւ որոշել, որ մենք կարող ենք ամեն ինչ արտահանել. «Մանավանդ մեքենաշինության առումով պետք է ճշգրտումներ անել: Դա եղել է անցյալում: Պետք է միջազգային շուկան ուսումնասիրել եւ չափորոշիչներին ծանոթանալ»: Խոսելով մեր հանրապետությունում անընդհատ գրանցվող գնաճի մասին՝ նա ասաց, որ միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ գնաճը զսպել. «Դա ավելի շատ կապված է ներմուծման օլիգոպոլիաների, իսկ գյուղատնտեսության ոլորտում խմբապետության հետ»: Նրա խոսքերով, գնաճի զսպման առումով մեր պետությունը վերահսկողություն չի իրականացնում. «Չկարծեք, որ զարգացած երկներում նման բան չկա, դրա համար էլ այնտեղ չի կարող ոչ ոք գին թելադրել»:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսությանը՝ տնտեսագետը նշեց, որ եվրոյի դիրքերը շարունակում են զգալիորեն թուլանալ` սպառնալիքներ առաջացնելով եվրոյի գոտում գտնվող երկրների համար, իսկ ԱՄՆ-ում դրական տեղաշարժեր կան. «Հաշվի առնելով այս երկրում էներգետիկ ոլորտի վերելքը եւ դրա հետ կապված մի շարք ճյուղերի զարթոնքը, աստիճանաբար պատկերը կարող է փոխվել։ Մոտակա տասնամյակում չենք բացառում, որ ԱՄՆ-ում մեկ բարել նավթի գինը հասնի 20-25 դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս ամենը, բնականաբար, կբերի դոլարի արժեւորմանը»: Ըստ նրա, հաշվի առնելով այս ամենը, Հայաստանը պետք է արտաքին տնտեսական կապերում վերադասավորվի, քանի որ երբ արժույթը թուլանում է՝ նպաստավոր է դառնում արտահանումը: Բանախոսի կարծիքով, շարունակվող տնտեսական ճգնաժամից մեր երկիրը կարող է շահեկան դուրս գալ. «Որոշ քայլեր արվում են։ Լինելով անցումային երկիր, ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում, 2012-ին Հայաստանը կարող է շահեկան դիրքում լինել»:

Իսկ գյուղատնտեսության մասին Թաթուլ Մանասերյանն ասաց, որ չէր ուզի, որ այս տարի էլ այս ոլորտի աճը կապված լիներ եղանակային պայմանների հետ, քանի որ գյուղացին պետք է պաշտպանված լինի։ Նրա համար պետք է մատչելի լինեն ոչ միայն պարարտանյութերն ու ոռոգման ջուրը, այլեւ նրան պետք է համապատասխան խորհրդատվություն տրվի։ Դա պետք է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունք լինի»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031