Վստահեցնում է Սասուն Միքայելյանը
– Ինչո՞ւ եք որոշել դառնալ Հրազդանի քաղաքապետ, Դուք արդեն մեկ անգամ եղել եք այդ պաշտոնին, ուրեմն հիմա ինչո՞ւ եք նման որոշում կայացրել:
– Ես չեմ որոշել, ժողովուրդն է որոշել, ես էլ դեմ չեմ, ուզում եմ քաղաքը նորմալ տեսքի բերել, ընդհանուր պրոբլեմներ կան, ուզում եմ լուծել, ուզում եմ հիշատակ թողնել, էսքան տանջվել, չարչարվել եմ էս երկրի, էս պետության կայացման համար, էսօր քաղաքը էս վիճակին է: Առաջարկ է եղել, 300 հոգով մարդիկ առաջարկեցին, ես գիտեի, որ կառաջադրեն, բայց չգիտեի, որ էդքան կպնդեն: Հասկանալով, որ պետք է, գիտակցելով, որ էսքան կյանք եմ դրել իմ երկրի համար, որոշել եմ մասնակցել, ընդհանուր ժողովրդի հավատը վերականգնեմ: Ես Հրազդանի առաջին քաղաքապետն եմ եղել 96-99 թթ., խորհրդարանը երբ դարձավ պրոֆեսիոնալ, թողեցի քաղաքապետարանը, որ պիտի չթողնեի, հիմա վերադառնում եմ արմատներիս:
– Ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսը Ձեզ չառաջադրեց:
Կարդացեք նաև
– Հայ ազգային կոնգրեսը չի էլ իմացել, որ ես թեկնածությունս առաջադրելու եմ, պահի տակ է այդ ամեն ինչը եղել, ժողովրդի առաջարկով, ի՞նչ վատ է, որ ժողովուրդն է առաջարկել իմ թեկնածությունը: Ես չեմ ուզում քաղաքականացնել էս ընտրությունը, բերել էդ դաշտ՝ ընդդիմություն-իշխանություն, ընդամենը քաղաքի հարց է, ժողովրդի ցանկությունն է, կասկած էլ չկա, որ իմ հաջողության դեպքում ժողովուրդը մինչեւ աշուն մեծ տարբերություն կզգա: Ես տանելու բան չունեմ, ես եկել եմ, որ բան թողնեմ:
– Դուք ասում եք՝ չքաղաքականացնել, բայց ուզեք թե չուզեք՝ սա քաղաքական հարց է, Դուք ՀԱԿ ներկայացուցիչ եք, եւ արդեն մամուլում վերլուծություններ կան, որ ՀԱԿ-ը փետրվարի իր հանրահավաքը հատուկ Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո է անելու, մինչդեռ կարող էր ընտրությունից առաջ անել եւ Ձեզ սատարող ելույթներ հնչեցնել: Ճիշտ չէ՞ր լինի, որ ՀԱԿ-ը Ձեզ աջակցող հանրահավաք աներ:
– Ես չեմ էլ սպասում, որ ինձ աջակցեն, ինձ պետք չի ներկայացնել իմ քաղաքում, ես ներկայացված եմ էս քաղաքում՝ 88-ից, ժողովուրդը պտի գնահատական տա, ես ժողովրդի դատին եմ: Վերջիվերջո չորս անգամ ընտրվել եմ, իմ քաղաքն է, ի՞նչ եք ուզում ինձանից: Ինչի՞ եք քաղաքականացնում:
– Դուք ասում եք՝ իշխանության հետ պրոբլեմ չունեք, բայց ընդունեք, որ ունեք. Դուք 2008-ին դավաճանեցիք Սերժ Սարգսյանին, քանի որ, երբ 2007-ին Դուք պատգամավոր էիք ընտրվում, Սերժ Սարգսյանն անձամբ եկավ եւ հայտարարեց, որ Դուք իր ընկերն եք, եւ հորդորեց, որ ընտրողները Ձեզ ընտրեն, իսկ 2008-ին Դուք ի՞նչ արեցիք՝ դավաճանեցիք եւ կանգնեցիք ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:
– Դավաճան բառը երբեք մի ասա, դավաճանում են ժողովրդին ու հայրենիքը, կարող ես բաց գրել. ես նստել եմ Սերժի դեմն ու ասել եմ՝ եթե էս մարդկանցով ես գնում ընտրության, ես չեմ գնում նրանց հետ, բերեք ուրիշ ձեւով անենք: Ես ծնկած ընկեր չեմ, ես կանգնած ընկեր եմ, ես իր կողքից չեմ փախել, եթե իմ արածների կամ տեսակետների մեջ մի հատ փոփոխություն լիներ, ես հրապարակային ներողություն կխնդրեի: Ու էսօր էլի նույն մարդիկ մնացել են, ես զարմանում եմ՝ ոնց են պաշտպանում մեր մարզպետին ու մեր քաղաքապետին: Սերժ Սարգսյանը էլի իմ ընկերն է, մնում է իմ մարտական ընկերը, էդ կատեգորիան չի կարելի փոխել, այսինքն՝ եթե ես ուրիշ քաղաքական հայացքներ ունեմ, պտի անպայման էդ ուղղությա՞մբ գնամ: Ես ազնիվ ձեւով Լեւոն Տեր-Պետրոսյանին հենց էս սենյակի մեջ ընդունել եմ՝ որպես իմ առաջին նախագահի, էդ Ալիեւի՞ն էի ընդունել, ո՞ւմ էի ընդունել: Ռոբերտ Քոչարյանի հետ էդքան չունեմ էլ, գիտես, վաղը որ գա Հրազդան, ելնեմ փախնե՞մ, մարդ է, եկել է, կելնեմ-կդիմավորեմ:
– Եկեք վերադառնանք Ձեր ունեցվածքի հարցին. Դուք ազատամարտիկ եք եւ բավականին ծառայություններ ունեք, բայց Դուք միակը չեք, շատ մարդիկ կան, որ Ձեզնից պակաս չեն, սակայն այսօր նրանք չունեն այն ունեցվածքը եւ հարստությունը, ինչ Դուք ունեք, ընդհակառակը՝ հիմնականում նեղված են, ներեցեք, անուններ տամ, օրինակ՝ Ալբերտ Բազեյանը, որը Երեւանի քաղաքապետն է եղել: Ուրեմն ինչո՞ւ Դուք ունեք, ասենք, պանսիոնատներ, հողեր, հանգստյան տներ, իսկ ուրիշները չունեն: Մամուլը գրեց, որ Դուք նաեւ 7 հեկտար հող ունեք, որի դիմաց ոչ մի լումա չեք վճարել, ինչպե՞ս եք սա ձեռք բերել, ասում են՝ Ծաղկաձորում էլ պանսիոնատ ունեք:
– Բերեք մի պարզաբանում տամ մեկընդմիշտ: Էդ հողերը դարձրել են մատի փաթաթան, եթե ես էդ հողը վաճառեմ կամ ինչ-որ մեկի տամ, պետք է կադաստրային արժեքը վճարվի, բայց էդ վաճառելու դեպքում ես պիտի զրո լինեմ: 99 տարվա պայմանագրով վերցրել եմ, էդ ինչ շինիք հայոց հարց, ես հարստություն չունեմ, ես ոչ մի կողմնակի եկամուտ չունեմ, Ծաղկաձորում ես ոչ մի բան չունեմ:
– Հիմա չունեք, ունեիք պանսիոնատ, վաճառել եք մեծ գումարով:
– Այո, պանսիոնատ ունեի, վաճառել եմ, 380 հազար դոլար փող էի պարտք, ոնց որ դրսից ուրիշի աչքն էր ծակում, ես էլ ծախել, պարտքերն եմ փակել:
Զարմանալին գիտես որն է, երեւի բոլորն էլ գիտեն իմ ապրելաձեւը, բայց էսօր բերել են՝ ինձ դասում են հարուստների շարքում, ես ընդհանրապես ոչ մի բան չունեմ, էդ 7 հա հողն է, մեկ էլ մի հատ պանսիոնատ ունեմ Աղվերանում, որն իմ անունով էլ չի:
– Ընդունենք, Դուք ընտրվեցիք Հրազդանի քաղաքապետ, ըստ էության դառնալու եք իշխանության ներկայացուցիչ, ուրեմն ինչպե՞ս եք աշխատելու:
– Շատ բնական, օրենքի սահմաններում:
– Այսինքն՝ աշխատելու եք իշխանության հե՞տ:
– Ես պրոբլեմ չունեմ ոչ մեկի հետ աշխատելու, էդ իշխանությունները ո՞վ են, էս երկրի դավաճա՞նն են: Ես գալիս եմ՝ աշխատեմ, գալիս եմ՝ լավ բան անեմ, չեմ գալիս՝ թալանեմ:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ