Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Բանակը հասարակության հայելին չէ

Հունվար 27,2012 16:04

«Հրաշալի կլիներ, որ բանակի  20-ամյակի շրջանում այսօրվա հասարակությունը նույն ոգով վերաբերվեր բանակին, նույն ընկալումը լիներ, ցավոք, այդպես չէ: Հաճախ մեր ռազմական փորձագետները փորձում են համոզել, որ բանակը նույն հասարակության հայելային պատկերն է: Համաձայն չեմ, որովհետեւ բանակն այլ օրենքներ, կազմակերպվածություն ունի եւ չի կարող այն, ինչ-որ կա հասարակությունում, նույն կերպ բանակում կրկնվել»,- այսօր «Հայելի» ակումբում, անդրադառնալով ՀՀ զինված ուժերի 20-ամյակին, ասաց 1991-93 թթ. «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանը:

Նա վերհիշեց, թե ինչպես էին իրենք աշխատում պատերազմի տարիներին: Անկեղծանում է՝ չնայած այդ տարիներին կային որոշ սահմանափակումներ, բայց իրենց թերթի 8 էջերից 3-ը նվիրվում էր բանակին ու պատերազմի լուսաբանմանը, թղթակից ունեին Արցախից եւ ամեն օր նպատակադրված փորձում էին լուր հաղորդել Արցախից:

Ա. Վարդանյանի խոսքով, «Երկիրի» տպաքանակն այդ տարիներին 50-55 հազար էր, եւ  թերթն արդեն սպառված էր լինում առավոտյան: «Անկախ ամեն ինչից այդ տարիներին չկար թշնամություն, ատելություն, ոխ, քաղաքական տարբեր ուժերի, ընկերների միջեւ, հնարավոր էր, որոշ ժամանակ իրարից հեռու մնայինք, բայց թշնամանք չկար»,- ասում է նա:

Անդրադառնալով վերջերս զինդատախազի ներկայացրած հաշվետվությանը, թե նախորդ տարի բանակում մահացության դեպքերը նվազել են, Ա. Վարդանյանը կարծիք հայտնեց. «Կարծում եմ՝ թերագնահատվում է մամուլի, հասարակության դերը, որ սկսեցին ավելի հրապարակային խոսել այդ մասին: Պետք է խոսել, բայց մի պայմանով՝ խոսել փաստերով, սրտացավությամբ, առանց չարախնդալու, թունավորելու, ատելություն սերմանելու բանակի հանդեպ: Չավարտված պատերազմի պայմաններում պարտավոր ենք ուժեղ, կազմակերպված, հնարավորինս անբասիր բանակ ունենալ»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031