Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր արմատներ

Հունվար 27,2012 13:10

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մամուլի ազատության առումով որոշակի առաջընթաց է նկատվում: Առաջընթաց իսկապես կա, բայց այն չնչին է, որովհետեւ «Ա1+»-ը եթերում չէ, հեռուստաընկերությունները շարունակում են ղեկավարվել նախագահական նստավայրից (թեեւ ոչ այն կոշտ ոճով, որն ընդունված էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ), իսկ թերթերի դեմ անկապ դատեր են բացվել եւ նույնքան անկապ դատավճիռներ հրապարակվել: Նշվում է, որ Հայաստանը «պատվավոր» 77-րդ տեղում է: Դա փոքր սփոփանք է, որովհետեւ ա/ մեր ժողովրդի մտավոր պոտենցիալով մենք պետք է առաջին տասնյակում լինենք, բ/ մենք պարտավոր ենք ժողովրդավարության առումով մեր հարեւաններից մի քանի գլուխ բարձր լինել՝ մեր ազգային խնդիրները առաջ տանելու համար: Դրա մասին բազմիցս ասվել է՝ չարժե կրկնել:

Փոխարենն արժե հասկանալ, թե որոնք են ներկա վիճակի արմատները: Պատկերացրեք մի մարզպետի, որն ուզում է իր մարզի ժողովրդին ինչ-որ կարեւոր հաղորդագրություն ուղարկել: Նման հաղորդագրությունների համար նա ստեղծոււմ է իր մարզային թերթը եւ իր հեռուստատեսությունը, որոնց միջոցով էլ շփվում է իր բնակիչների հետ: Եթե մարզում կան ոչ իր գրպանում գտնվող լրատվամիջոցներ, եւ նա հնարավորություն չունի դրանք փակելու, ապա նա, համենայնդեպս, ամեն ինչ կանի դրանց հետ չշփվելու եւ դրանց հարցերին չպատասխանելու համար: Այսինքն՝ կա հստակ բաժանում «մերոնքական» եւ «ոչ մերոնքական», «բարեկամ» եւ «թշնամի» լրատվամիջոցների:

Ամբողջ ցավն այն է, որ այդ տրամաբանությունը գործում է ոչ միայն իշխանական շրջանակներում: Մենք գործ ունենք համընդհանուր հոգեբանական խոտանի հետ: Ընդդիմադիրները նույնպես առաջնորդվում են «բարեկամ-թշնամի» սկզբունքով: ՀԱԿ-ի առաջնորդներից մեկը հենց այդպես էլ ասաց իր կողմնակիցների շրջանում, որից հետո, սակայն, հրաժարվեց իր խոսքերից: Եվ ահա ավելի թարմ օրինակ. նախորդ օրը մեր թերթը հրապարակել էր նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանի նամակը ՀԱԿ-ին, որտեղ այդ կազմակերպությունը քննադատության էր ենթարկվում: Քանի որ «Առավոտին» ոչ ՀԱԿ-ն է պետք, ոչ ՄԱԿ-ը, ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ ԲՀԿ-ն՝ նրանք բոլորը մեր հումքն են լրատվություն ստեղծելու համար, եւ քանի որ մեր մասնագիտական սկզբունքները պահանջում են լսել նաեւ հակառակ կողմին, մենք դիմեցինք Կոնգրեսին՝ պատասխանելու խնդրանքով: Հաշվի ենք առել նաեւ այն, որ դեկտեմբերի 9-ին նույն ՀԱԿ-ը «Առավոտին» նամակ է հղել (այն մենք նույնպես հրապարակել ենք), որտեղ բավականին ուսուցողական տոնով մեզ հորդորում է «ճշտել» եւ «մեկնաբանություն ստանալ» ՀԱԿ-ի «լիազոր ներկայացուցչից»: Այդպես էլ վարվեցինք: Սակայն «լիազոր ներկայացուցիչ»՝ Կոնգրեսի իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ «Առավոտին» մեկնաբանություններ չի տալիս:

Ամալյանը հաճախականություններ է բաշխում յուրային հեռուստաընկերություններին, ՀԱԿ-ի չինովնիկը մեկնաբանություններ է տալիս յուրային լրատվամիջոցներին: Ամալյանի տեղը, բնականաբար, նույնը կանի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031