«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն «Առավոտին» է տրամադրել իր պարզաբանումը՝ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի տարածած հաղորդագրության վերաբերյալ:
«Ժառանգության» պաշտոնական տեսակետը ամրագրված է նրա ծրագրում և բազմիցս արտահայտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձներում: Այդտեղ հստակ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և ազատական գաղափարներին:
Ուզում եմ հիշեցնել, նրանց, ովքեր թյուրըմբռնման մեջ են, որ այդ սկզբունքների մեջ է մտնում իշխանության և բիզնեսի տարանջատումը: Հակառակ երևույթը հանգեցնում է քաղաքական համակարգի մենաշնորհմանը , որին հետևում է ազատ տնտեսական շուկայի վերացումը և այնուհետև պետությանը գալիս է փոխարինելու մաֆիան` իր դասական և լայն իմաստով:
Նրանք ովքեր լավ ծանոթ չեն «Ժառանգության» գաղափարախոսությանը, թող իմանան, որ մենք դեմ ենք, որպեսզի մեծ բիզնեսի ներկայացուցիչները լինեն Ազգային ժողովում: Հայաստանը, որ համարվում է որոշ պատմաբանների կարծիքով իրական ժողովրդավարության հայրենիքը, Հունաստանից շատ առաջ, այսօր խեղդամահ է արվում մի խումբ «գործարարների» կողմից:
Կարդացեք նաև
Ես, ի դեպ, իմ խոսքում մեջբերում եմ արել նախագահի ելույթից և հավելել «ուրեմն ի գործ»: Ընդամենը այդքանը: Պետք չէ իմ մտքերը դիտավորյալ աղավաղել, ինչպես նաև պետք չէ զբաղվել դեմագոգիայով:
Ինչ նպատակ է հետապնդում իմ մտքերի դիտավորյալ աղավաղումը: Ես մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել եմ Սերժ Սարգսյանին՝ առաջին հերթին, ասելով, որ նրա խոսքի և գործի մեջ կա մեծ տարբերություն.. ասում է ազատ ընտրություններ է ապահովելու, սակայն գործողությունները ապացուցում են հակառակը:
Օրինակ եմ բերել Եիտասարդական հիմնադրամը, Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին չարձագանքելը, և նաև այն, որ նա ասում է գործարարներ չպետք է լինեն Ազգային ժողովում, սակայն որևէ քայլ դրա դեմ չի ձեռնակում: Ինչու են այդպես խառնվել իրար, չեմ հասկանում,
Բայց գիտեմ, ով է կազմակերպիչը դրա:
Իմ «ընդդիմախոսներն» ինձ խորհուրդ են տալիս ընտրել պահը սկզբունքային լինելու համար: Այսինքն` առավոտյան 8-10-ը ասել այն, ինչ մտածում ես, որ ճշմարիտ է, հետո 10-12-ը լվանալ ձեռքերը, իսկ դրանից հետո արագ կողմնորոշվել՝ ըստ փչող քամիների ուղղության»: