2011-ի երրորդ եռամսյակում Հայաստանում կատարվել է մոտ 2 մլն դոլարի առցանց առևտուր, ինչը, ըստ Հայաստանի կենտրոնական բանկի վերջին տվյալների, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի ավելի է: Ու թեև էլ.առևտրի ծավալները մեծանում են, ոլորտի խնդիրները շարունակում են չլուծված մնալ:
Overall solutions ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը, խոսելով Paypal, WebMoney կամ MoneyBookers և նման այլ հայտնի էլեկտրոնային փողի վճարային համակարգերի մասին, նշեց, որ ոլորտի խնդիրները բազմակողմանի են. «Հայաստանյան օգտագործողները դեռևս չեն կարողանում այս համակարգով գումար ստանալ, այլ միայն կարողանում են գնումներ անել դրսում, քանի որ հայկական բանկերը էլեկտրոնային փող չունեն: Թեև ՀՀ օրենսդրությունը էլեկտրոնային փող թողարկելու հնարավորություն է տալիս բանկերին, սակայն Կենտրոնական բանկում համապատասխան գումարի չափով պահուստավորում կատարելու պայմանը հետ է պահում բանկերին, դեռ խնդիր կա նրանց համոզելու, որպեսզի ներդրում անեն: Նշենք, որ պահուստավորումն արվում է նրա համար, որ ռիսկերի դեպքում հնարավոր լինի փոխհատուցել կորուստները»:
Խնդիր է նաև PayPal-ի կամ նման այլ համակարգերի հետ համագործակցելը, քանի որ վերջինս, օրինակ, չի էլ ձգտում գործունեություն ծավալել այստեղ` համարելով շուկան ոչ ձեռնտու: Նույն պատճառով է, որ ՀՀ բանկերը չունեն Visa International e-commerce license:
2011-ի նոյեմբերին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն առաջարկեց, որ հայաստանյան բանկերից որևէ մեկը գնի լիզենզիայի իրավունքը և կիսի այն այլ բանկերի հետ:
Կարդացեք նաև
Դավիթ Քոթանյանն առաջարկում է մեկ այլ տարբերակ. ՀՀ մի քանի բանկեր կարող են միավորվել ու ձեռք բերել Visa International e-commerce լիցենզիան: «Վերջին տվյալներով՝ ոչ մի բանկ նախաձեռնություն չի ցուցաբերել, դեռևս այս հարցը մնում է օդում կախված: Ավելի հեշտ կլինի ձեռք բերել այս լիցենզիան այն բանկի համար, որը Visa-ի լիիրավ անդամ է»,-ավելացրեց Դ. Քոթանյանը:
Նշենք, որ տեղային վճարային համակարգերը, այնուամենայիվ, կատարելագործվում են. 2012-ի ընթացքում «Արմենիան քարտ» (ԱրՔա) պրոցեսինգային կենտրոնը, որը ծառայություններ է մատուցում Հայաստանի բանկերին, պատրաստվում է գործարկել նոր ծրագրային ապահովում, որն ավելի արդիական է, բավարարում է քարտային բիզնեսի պահանջները: «ԱրՔա»-ի տնօրենի տեղական Վիլեն Մկրտչյանի խոսքով՝ արդեն երկու տարի է՝ «ԱրՔա»-ն ծավալում է այս ծրագրային ապահովման ներդրման աշխատանքներ:
Նոր ծրագրի ֆունկցիոնալը շատ ավելի հարուստ է, ինչպես նաև այն զգալիորեն կխթանի Հայաստանում ինտերնետ կոմերցիայի զարգացումն ու կբարելավի ծառայությունների մատուցման որակը: «Ավելի լավ պայմաններ կստեղծվեն հայկական օնլայն խանութների ստեղծման համար, քանի որ այն ապահովում է 3D (երեք դոմեյնի) անվտանգություն՝ զգալիորեն բարձրացնելով և քարտապանի, և էլեկտրենային խանութի պաշտպանվածության մակարդակը: Համակարգն իդենտիֆիկացնում է օգտագործողին ու խանութին, ինչը թույլ է տալիս նվազեցնել ֆինանսական կորուստները»,-մեկնաբանում է Վ. Մկրտչյանը::
Անդրադառնալով Հայաստանում էլ. առևտրի զարգացմանը՝ «ԱրՔա»-ի տնօրենը նշում է, որ վերջին երկու տարիների կտրվածքով զարգացում այս ոլորտում նկատվում է, պահանջակը կա, խանութները ևս ցանկանում են էլ. առևտուր ծավալել: «Զարգացման այն արագությունը չէ, որը ցանկալի կլիներ, սակայն հաշվի առնենք, որ տեխնոլոգիական խոչընդոտներ կան, որոնք էլ փորձում ենք հաղթահարել հենց նոր ծրագրային ապահովման ներդրմամբ»,-ավելացնում է Վ.Մկրտչյանը:
Նշենք, որ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ձեռնամուխ է եղել իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը։ 2011թ. հոկտեմբերից միությունը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնում է էլեկտրոնային առևտրի բնագավառում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումների ծրագիրը:
PCNews.am