Ռոբերտ Քոչարյանը չի գլխավորի ԲՀԿ ցուցակը։ Այդ բանը պարզ է դարձել ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանի հայտարարությունից։ Նա ասել է, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանը ԲՀԿ ցուցակում չի լինի, որովհետեւ հազիվ թե նա լինի Ծառուկյանից հետո։ Նույնիսկ հարցական է, թե արդյոք Ծառուկյանից հետո կլինի՞ Վարդան Օսկանյանը՝ Քոչարյանի «մույս» հավատարիմ զինակիցը:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ ԲՀԿ-Ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում Է Օսկանյանի լինել-չլինելը, ինչը երեւի թե նշանակում է, որ բավական սուր քննարկումներ են գնում պայմանների շուրջ։ Այսինքն՝ ԲՀԿ-ն ըստ երեւույթին այնքան էլ հեշտությամբ չի համաձայնում քոչարյանական պայմաններին, որոնց արտահայտիչն է անկասկած լինելու Վարդան Օսկանյանը ԲՀԿ ցուցակում, որովհետեւ անձամբ Օսկանյանին անկասկած այնտեղ ոչինչ պետք չէ:
Այս ֆոնին բավական հատկանշական է քոչարյանական ուղեծրի մեկ այլ ուժի՝ ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանի հայտարարությունն այն մասին, թե իրենք չեն մտածել Քոչարյանի մասին, սակայն անձամբ ինքը դեմ կլիներ, որ ՀՅԴ ցուցակը գլխավորեր Ռոբերտ Քոչարյանը։ Իհարկե Մարգարյանը հայտարարել է, որ չի կարծում, որ Քոչարյանն ունի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրություն։ Սակայն Մարգարյանի հայտարարությունը, որ ինքը դեմ կլիներ ՀՅԴ ցուցակը նրա գլխավորելուն, բավականին խորհրդանշական է։
Այսպիսով, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այնքան էլ սիրահոժար չեն Քոչարյանին «քաղաքական ապաստան» տալու հարցում՝ ըստ երեւույթին հասկանալով, որ դրանից տուժելու է իրենց վարկանիշը, եւ գուցե նաեւ հայտնվելու են Սերժ Սարգսյանի է՛լ ավելի անխնա հարվածների տակ։ Մյուս կողմից, սակայն, իրականում հնարավոր է, որ Քոչարյանն ինքն է հրաժարվում ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ծառայություններից՝ կամ չվստահելով այդ ուժերին, կամ էլ չտեսնելով դրանցում իր քաղաքական ծրագրերի համար ոչ մի պիտանի հեռանկար։ Թեեւ, միգուցե երկրորդ նախագահը պարզապես փորձում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պահել կուսական վիճակում, որպեսզի նրանց առավել լավ օգտագործի արդեն նախագահական կամպանիայի ժամանակ։
«Ժամանակ»