Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդիպել է Միգրացիայի դաշնային ծառայության աշխատակիցներին։
Այս տարվա մարտի 4-ի նախագահական ընտրությունների հավանական հաղթող Պուտինը Միգրացիայի դաշնային ծառայությունում հանդես է եկել երկրում օտարների բնակվելու եւ աշխատելու օրենսդրությունը խստացնելու առաջարկներով։
«Մեզ անհրաժեշտ է Միգրացիոն ծառայության, իրավապահ մարմինների եւ նախեւառաջ ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության, տարածաշրջանների եւ, իհարկե, բիզնեսի համակարգված աշխատանք, այդ թվում` հասկանալու համար, թե քանի մարդու եւ ինչ մասնագիտությունների կարիք կա Դաշնության այս կամ այն շրջանում», – ասել է Պուտինը։
Վարչապետի խոսքերով` օրինախախտ օտարերկրացիներին պետք է ընդհուպ մինչեւ 10 տարով զրկել Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։
Կարդացեք նաև
Ավելին, ռուսաստանցիները, ովքեր շրջանցելով օրենքը օտարների են վարձում, նրանց տրամադրում են ապօրինի կացարաններ եւ աշխատանքի կեղծ թույտվություններ, Պուտինի համոզմամբ, պետք է ոչ թե տուգանքներ վճարեն, այլ ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ հրավիրված աշխատողները պարտավոր են ինտեգրվել ռուսաստանյան հասարակությունում եւ չպետք է ստեղծեն «փակ ազգային համայնքներ»։
«Չափազանց կարեւոր է թույլ չտալ փակ էթնիկ անկլավների գոյությունը, հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է փաստենք, որ դրանց ստեղծումը թե՛ եկվորների եւ թե՛ տեղացիների համար բազում վտանգներ պարունակող փակուղային ճանապարհ է», – ասել է Ռուսաստանի վարչապետը։
Միաժամանակ, նա նշել է, որ ԱՊՀ-ի երկրների հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու համար Ռուսաստանը չի հրաժարվի առանց մուտքի արտոնագրերի երթեւեկելու գործող կարգից։
Լրատվական գործակալությունները նշում են, որ միլիոնավոր միգրանտներ, հիմնականում` Կենտրոնական Ասիայի ետխորհրդային հանրապետություններից, ամեն տարի առանց վիզաների մեկնում են Ռուսաստան։
Միգրացիայի դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին երեկվա հանդիպման ընթացքում վարչապետին ասել է, որ Ռուսաստան օրինական կարգով ժամանողների, սակայն աշխատանքի թույլտվություն չստացողների ընդհանուր թվի 27 տոկոսը Ուզբեկստանից է, 21 տոկոսն էլ` Ուկրաինայից։
«Ուկրաինացիները երկու օրով են գալիս, աշխատում, փող ստանում եւ մեկնում, հարկեր չեն վճարում, օրենքը որպես այդպիսին չի խախտվում», – ասել է Ռոմոդանովսկին։
«Պարզ է, շրջանցում են օրենքը», – արձագանքել է Պուտինը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Դաշնության համար լուրջ խնդրի է վերածվում նաեւ չինացիների հետզհետե ավելացող ներհոսքը։ Մոսկվայում միայն «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում բնակվում է Չինաստանի 15 հազար քաղաքացի։
Ազատություն Ռադիոկայան