Գները Հայաստանում շարունակում են ավելի արագ աճել, քան աշխատավարձերը։ Այս երեւույթը սկսեց նկատվել երեք տարի առաջ կամ տնտեսական ճգնաժամի առաջին փուլում, եւ պահպանվում է մինչեւ հիմա։
Ճիշտ է, տարեվերջին հաջողվեց 12-ամսյա գնաճը վերադարձնել նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ, այնուհանդերձ տարեկան գնաճը Հայաստանում անհամեմատ բարձր ստացվեց։ Պատճառը տարվա առանձին ամիսներին արձանագրված բարձր գնաճն էր, որը երբեմն գերազանցում էր անգամ 12 տոկոսի շեմը։
Վիճակագրական տվյալներով, անցած տարի սպառողական գների ինդեքսը Հայաստանում եղել է 7,7 տոկոս։ Այն դեպքում, երբ աշխատավարձերն այդ նույն ժամանակահատվածում ավելացել են 5,9 տոկոսով։ Ճիշտ այնքան, որքան տնտեսական ակտիվության աճն է։
Միջին աշխատավարձի աճը Հայաստանում ավելի բարձր էր 2010թ.՝ 6,7 տոկոս։ Սակայն այն ժամանակ սպառողական գների ինդեքսը հասավ մինչեւ 8,8 տոկոսի։
Ընդհանուր առմամբ անցած տարվա հունվար-դեկտեմբերին, վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, միջին ամսական վարձատրության մակարդակը Հայաստանում եղել է 115,2 հազար դրամ՝ առանձին ամիսներին գերազանցելով միջին ցուցանիշը։ Այդպես է եղել հունիս-հուլիս ամիսներին եւ հատկապես դեկտեմբերին։ Տարվա վերջին ամսին միջին աշխատավարձը Հայաստանում եղել է ավելի քան 144 հազար դրամ՝ նոյեմբերի շուրջ 114 հազարի դիմաց։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»