ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահը, ով մի քանի լրատվական կայք ունի եւ իրեն հռչակել է մեդիամագնատ, օրերս որոշեց Հայաստանում Պուտին պապիի անունով ակումբների ցանց բացել՝ ի պաշտպանություն ՌԴ վարչապետի։ «Ռուսական գրքի տուն» խանութների ցանցը, որտեղ բացվելու են այդ ակումբները, արդեն սկսել է միաձուլված ներկայացնել Հայաստանն ու Ռուսաստանը։
Այդ խանութից գիրք գնելիս հաշիվ-ապրանքագրում նշվում է. «Առաջ Ռուսաստան եւ Հայաստան» բարեգործական կազմակերպություն։ Թե ինչպես է բարեգործական կազմակերաությունը գբաղվում առեւտրով, դա պետական պատասխանատու մարմինների հետաքննելիքն է։ Մեզ, այս դեպքում, հետաքրքրում է «մագնատի» կարգախոսը։ Իսկը հայտնի կինոյի նմանությամբ՝ «Ապրի հընգեր Լենինը, յա թե չէ՝ հընգեր Ստալինը»։ Որ Նիկողոսյանի երկրային Աստվածը Պուտինն է, դա գիտեն բոլորը, բայց որ սկզբում Ռուսաստանն է առաջ գնում, հետեւից հազիվհազ մենք՝ դա, արդեն, գավեշտի է վերածվում։ Զարմանալի է նաեւ, որ Հայաստանի անունը նշվում է այդ կազմակերպության ճակատին։ Եթե Ռուսաստանը առաջ գնա, մենք Էլ, ինքնըստինքյան կգնանք, Էլ ինչո՞ւ է հաշիվ-ապրանքագրում տող, թանաք փչացնում՝ իր ցանկությունները նշելու համար։
«Երկիր»