ՀՀ Արմավիրի մարզպետարանում քննարկվել է մարզի հանրակրթական 30 ուսումնական հաստատություններում (5-ը ավագ դպրոց, 18-ը` միջնակարգ, 7-ը` հիմնակա) ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության 2011 թվականի հոկտեմբերի 17-դեկտեմբերի 2 հատվածում իրականացրած կրթական գործունեության ուսումնասիրության արդյունքը: Տեսչությունը ստուգել էր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների եւ նրանց տեղակալների պաշտոնային պարտականությունների կատարումը, դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների, առարկայական մասնախմբերի, մանկավարժական աշխատողների, սովորողների գործունեությունը, ուսումնական միջավայրը:
Մարզպետարանի տվյալով, կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ են հայտնաբերվել 22 հանրակրթական ուսումնական հաստատությունում, կազմվել է 22 արձանագրություն: Հայտնաբերված խախտումների հետեւանքներն ու թերությունները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչը խախտում թույլ տված ուսումնական հաստատությունների տնօրեններին տվել է կատարման համար պարտադիր 20 հանձնարարական, իսկ կառավարման խորհուրդների նախագահներին` 6:
Այսքանից հետո մարզպետը խոստացել է, որ արձանագրված խախտումները չեն կրկնվի: