«Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, վերջերս անդրադարձել է Բաքվում մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Յոն Օլա Սանդը գոհունակություն է հայտնել մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքով:
«Նախապատրաստական աշխատանքներն առայժմ շատ լավ են ընթանում: Ադրբեջանական թիմը գործում է մեծ ոգևորությամբ և նվիրվածությամբ, և այս պահին նախապատրաստական աշխատանքները գտնվում են ծրագրած փուլում», – ասել է «Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավարը, որը նաև իր գոհունակությունն է հայտնել այն հանգամանքով, որ չնայած ընդունող կողմի` Արդբեջանի, և Հայաստանի միջև առկա քաղաքական լարվածության, հայկական կողմը մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել:
«Կարծում եմ` մրցույթին մասնակցության վերաբերյալ Հայաստանի կողմից ընդունված որոշումը շատ դրական նշան է: Տեղյակ եմ բարդ իրավիճակի առկայության մասին, սակայն համոզված եմ նաև, որ Ադրբեջանի կառավարությունը հոգ կտանի անվտանգության հետ կապված բոլոր այն խնդիրների մասին, որոնք անհրաժեշտ են մրցույթի բարեհաջող անցկացման համար», – ասել է «Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը: