Այսօր` հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ի հատվածում դեպի Երևան ընթանալիս Սարավան գյուղի ճանապարհին իրար են բախվել Սիսիան քաղաքի բնակիչ 35-ամյա Աշոտ Մարգարյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 30 ՕՏ 984 համարանիշի, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Ադոնցի վարած «Աուդի 80» մակնիշի 01 ՏՏ 543 համարանիշի և Սիսիանի բնակիչ 29-ամյա Գարիկ Պողոսյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 26 ՕՕ 811 համարանիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ հետաքննիչ Ֆյոդոր Ավագյանը: Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի տուգանային հրապարակ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարի վայրից մոտ 150 մ ներքև ճանապարհի երթևեկելի մասից դուրս էր եկել և կողաշրջվել Իրանի քաղաքացի 31-ամյա Ալի Համիդի Ալյադի կողմից վարած «Հինո» բեռնատար մակնիշի 54A-485-10 համարանիշի բեռնատարը:
Կարդացեք նաև
Այս դեպքում էլ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հսկողություն են իրականացնում որպեսզի վթարներ չլինեն: