Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտին» քննադատել են արդարացիորեն

Հունվար 26,2012 23:16

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը www.media.am կայքում քննադատաբար անդրադարձել է «Առավոտի» երկու հրապարակումների՝ առանց նշելու դրանց անունները: Խոսքը Անդրանիկ Քոչարյան. «Մենք ական ենք Ռ. Քոչարյանի եւ նրա նմանների ճանապարհին» եւ դրան ի պատասխան՝ Ռուբեն Գեւորգյանի. «ԲՀԿ պատգամավորը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին» հրապարակումների մասին է:

Եվ այսպես՝ Մեսրոպ Հարությունյանը Հերքման ու պատասխանի կուլտուրայի մասին հոդվածում գրում է. «Հայաստանյան առաջատար թերթերից մեկը հարցազրույց էր հրապարակել հայտնի ընդդիմադիր գործչի հետ, որում քննադատություն կար իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի հասցեին: Ահա այդ հատվածը (այստեղ եւ հետագայում մեջբերումներում ես չեմ հրապարակելու կուսակցությունների անվանումները, մարդկանց անունները եւ բնակավայրերի անվանումները, չնույնականացնելու համար, որովհետեւ կարեւորը տարածված երեւույթն է  եւ ոչ թե անձինք կամ կուսակցությունները). «Ես բազմաթիվ անգամ արտահայտել եմ իմ կարծիքը մարտի 1-ի հանցագործության բոլոր պատասխանատուների վերաբերյալ: Կարող եմ կրկնել, որ ն  եւ … – ը անբաժանելի գործընկերներ են, և այս պահին էլ ակնհայտ երևում է նրանց շարունակական համատեղ գործողությունների տրամաբանությունը: Եվ ինձ համար տեսանելի չէ ի հետ համագործակցության որևէ եզր, քանի դեռ իրականացված չէ մարտի 1-ի ամբողջական եւ լիարժեք բացահայտում»:

Այսքան բան: Կուսակցությունում սա համարել էին իրենց հասցեին վիրավորանք: Եվ ահա հետեւեց այդ կուսակցության անդամ մի պատգամավորի ստորագրությամբ պատասխանը: Ահա այդ պատասխանի խիստ բնորոշ երկու հատված.

«Մարտի 1-ի ողբերգության կատարողների և պատվիրատուների վերաբերյալ մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք, և անգամ ամենավերջացած բթամիտները պետք է հասկացած լինեին: Քանի որ պարզվեց՝ որոշ դեպքերում մարդկային բթամտությունը անսահման է, մեկ անգամ ևս կրկնեմ այն, ինչ ասել է մեր կուսակցության նախագահ…»:

 «Իսկ ինչ վերաբերվում է տխրահռչակ … – ին, որի պաշտոնավարությունն, ի դեպ, …-ի մարզում հիշում են որպես «բեսպրեդելի», անօրինականության և անբարոյականության կեղտոտ տարիներ, ապա մինչ մարտիմեկյան իրադարձություներից հետո փաստահավաք խմբում հստակ և ուղղորդված պատվերներով տարբեր եզրակացություններ խմբագրելը, կարծում եմ, (նա) դեռ պիտի պատասխան տա…» հետեւում էր գործչի հասցեին ուղղված ինչ-որ մեղադրանք:

Այս մեջբերումները «դասական» օրինակ են այն բանի, թե ինչպես չի կարելի պատասխան գրել: Ավելին, ես թերթի պատասխանատուին ասացի, որ հանգիստ կարող էին հղում անել օրենքին եւ չհրապարակել նման պատասխան:

Այստեղ պատասխանի ձեւի ու ծավալի օրենսդրական կարգավորման առնվազն երկու խախտում կա:

Առաջին. ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ՝ «Հերքման եւ պատասխանի իրավունքը» հոդվածի 6-րդ մասի՝ «Պատասխանը  … պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին։ Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ»։

Չեմ կարծում, թե «ամենավերջացած բթամիտները», «մարդկային բթամտությունը անսահման է» որակումները կամ հարցազրույց տված անձի նախկին գործունեության մասին հիշատակումները որեւէ կերպ առնչվում են հրապարակված հարցազրույցին:

Երկրորդ՝ խախտված էր պատասխանի ծավալի պահանջը: Օրենքի նույն հոդվածի նույն մասում ասվում է.

«Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը։ Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը» :

Պատասխանի առարկա տեղեկատվությունը հարցազրույցի ընդամենը մի փոքրիկ հատված էր, մինչդեռ պատասխանը գերազանցում էր դրան երեք անգամ:

Սա եզակի դեպք չէ: Մանավանդ հասարակական դեմքերը, քաղաքական գործիչները, զանազան աստղերն ու «աստղիկները» իրենց հասցեին հնչած ամենաչնչին քննադատությանն անմիջապես արձագանքում են համարյա նման ոճով. «բա դո՞ւ ով ես, որ ինձ (մեզ) բան ասես…» եւ ոչ մի հերքում, եւ ոչ մի իրական պատասխան… Իսկ խմբագիրներն էլ, թեպետ գիտեն, որ օրենքով կարող են նման «պատասխանները» չհրապարակել, սակայն հրապարակում են՝ հիմնականում զահլա չունենալով գլուխ դնել նման պատասխաններ ուղարկողների հետ: Իսկ նման պատասխաններից հետո (բարեբախտաբար այս դեպքում այդպես չեղավ, սակայն հաճախ է լինում), սկսվում է թերթերի էջերով իրար պատասխանելու «նամակագրությունը». «հիմարի մեկը», պատասխան՝ «հիմարը դու ես», հետպատասխան՝  «հիմար չլինեիր տենց չէիր լինի», պատասխան՝ «հիմարից լսեցի»… ու այսպես շարունակ, թերթի մի քանի համարում…

Իսկ փաստերը՞… Դե, փաստերը կամ դրանք հերքելը ի՞նչ կարեւոր են: Կարեւորը, ըստ նման պատասխաններ ուղարկողների, քննադատություն հնչեցրած անձին «իր տեղը ցույց տալն» է»:

Քննադատությունը լիովին արդարացված է, եւ ընդունում ենք:  

Մենք մեր կայքում չենք հրապարակում վիրավորանք պարունակող մեկնաբանություններ, սակայն առնվազն այս մի դեպքում՝ առավել կարեւորելով պատասխանի իրավունքը, խախտել ենք ոչ միայն օրենքի վերոնշյալ դրույթները, այլ նաեւ այդ սկզբունքը: 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031