Այսօր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ չնայած պեղումները նոր են սկսվել, բայց այն փաստը, որ հայտնաբերվել են մեծ թվով հուշարձաններ՝ փաստ է. դրանցից մի մասը թվագրվում են շուրջ հինգ հազար տարվա:
Նա նշել էր, որ վտանգված են մասնավորապես բուն հանքավայրի տարածքում գտնվող Դուքանաձորի տեղամասի եւ հատկապես պոչամբարի տարածքում գտնվող հուշարձանները: Այս առնչությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին հետեւյալը. «Ինչպես և ցանկացած այլ տնտեսական գործունեություն, Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցումն ու պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ենթադրում է որոշակի ազդեցություն շրջակա մշակութային միջավայրի վրա: Համապատասխան աշխատանքային նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում շահագործող ընկերությունն իրականացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որը, ի թիվս այլ ազդեցությունների, ներառում է նաև շրջակա մշակութային միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Այդ գնահատման արդյունքում պարզ է դարձել, թե Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում մշակույթի և քաղաքակրթության ինչ վաղեմության հետքեր և արժեքավոր տեղեկատվություն պարունակող ինչ պատմամշակութային հուշարձաններ կան:
Հիմք ընդունելով հաստատված «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիրը», հանքավայրը շահագործող ընկերության ֆինանսական միջոցներով՝ մասնագիտացված ընկերության կողմից սկսած 2008 թվականից իրականացվել են Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի և դրա շահագործման կազմակերպման նպատակով կառուցվելիք լեռնահարստացուցիչ համալիրի տարածքի պատմամշակութային հուշարձաններով զբաղեցված տարածքների տեղահանութային հատակագծերի կազմման աշխատանքներ: Այդ աշխատանքները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով կիրականացվեն նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքում պատմամշակութային նոր հուշարձաններ հայտնաբերելու դեպքում՝ Օրենքով նախատեսված կարգով մշակվելու է յուրաքանչյուր կոնկրետ հուշարձանի անձնագիրը, որով որոշվելու է հուշարձանի հետագա ճակատագիրը»:
«Վալլեքսից» հարկ են համարել նշել, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները վերոնշյալ պայմանագրերի շրջանակներում ներգրավված են որպես ֆինանսավորում ապահովող կողմ և աշխատանքների որակի և խորության նկատմամբ ընթացիկ վերահսկողություն չեն իրականացնում. «Աշխատանքների որակի և խորության նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ պետական լիազոր մարմնի կողմից: Ծրագրով նախատեսված աշխատանքներ կատարող ընկերությունն ուսումնասիրությունների արդյունքների մասին, ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի, կոնկրետ ժամանակահատվածների համար ներկայացնում է հաշվետվություններ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրի ապագա պոչամբարի տարածքում առկա է միայն մեկ հուշարձան, որը Օրենքով սահմանված կարգով ենթակա է տեղափոխման և վերականգնման: Օրենքով սահմանված կարգով կազմվել է տեղափոխման և վերականգման նախագիծ, որը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում և հավանության է արժանացել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ