Լրահոս
Օրվա լրահոսը

Համմարբերգը հուսով է, որ Դինքի սպանության գործը «լրջորեն կվերանայվի»

Հունվար 26,2012 22:35

Արդեն հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր ԵԽԽՎ-ի առջեւ հանդես եկավ անցած տարի իր իրականացրած գործունեության մասին հայտարարությամբ: Ելույթում նա հպանցիկ հիշատակեց, որ 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո Հայաստանում կային խնդիրներ, եւ իրենք շատ ակտիվ էին՝ փորձելով դրանք լուծել իշխանությունների հետ. «Առանցքային օրենքներ փոխվեցին, ինչը կարեւոր է, եւ մարդիկ, որոնք կալանավորվել էին՝ ազատ արձակվեցին համաներմամբ»:

Ելույթից հետո նա պատասխանեց Ֆրանսիայից պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուանի հարցին, որը նա պրն Համմարբերգին ուղղել էր նախորդ երկու տարիներին էլ, երբ նա ԵԽԽՎ-ում ներկայացրել էր իր ամենամյա հաշվետվությունը: Այդ կրկնվող հարցը հետեւյալն է, թե ինչ քայլեր է ձեռնարկել Վրաստանում հայկական փոքրամասնության առնչությամբ. «Մարդու իրավունքների շատ խախտումներ են տեղի ունեցել Վրաստանում»: Հիշատակեց, որ անցած անգամ, երբ ինքը հնչեցրել էր այդ հարցը՝ պրն Համմարբերգը խոստացել էր ուսումնասիրել խնդիրը, բայց այդ մասին որեւէ հիշատակում չկա նրա տարեկան հաշվետվության մեջ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխանեց. «Չկա միտումնավոր լռություն, բայց ճիշտ է, որ մենք շատ ակտիվ չէինք այս առումով»: Նշեց, թե այդ խնդրի մասին հիշատակել է Ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատարի, Վրաստանի իշխանությունների հետ քննարկումների ընթացքում:

Հետո պատասխանեց Նաիրա Զոհրաբյանի հարցին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի մասին. «Չե՞ք կարծում , որ մեր Վեհաժողովը պետք է իր դիրքորոշումն արտահայտի մի դատավարության կապակցությամբ, որը այդպես էլ չտվեց հիմնական հարցի պատասխանը»: «Այո, կարող է,– ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ հիշատակելով, որ ինքը Ստամբուլում էր այդ դատավճռի օրը:- Շատ հստակ էր բնակչության վրդովմունքը, որ դա գործի ոչ ճիշտ եզրակացություն էր: Իհարկե, այն այժմ բողոքարկվել է եւ կգնա վերին ատյան, ըստ այդմ՝ կլուծվի: Հետաքրքրական է, որ դատախազը, թերեւս նաեւ զարմանալի չէ՝ դատավորը, հետո ասացին, որ իրենք գոհ չեն այս վճռից եւ զգում են, որ ողջ ճշմարտությունը չի բացահայտվել: Զգացվում էր, որ ավելի շատ մարդիկ էին ներառված եւ կատարվածն ավելի կազմակերպված էր, քան ասված էր վճռում: Ես լավատես եմ: Կարծում եմ, հաջորդ ատյանը հաշվի կառնի քննադատությունը եւ կլինի գործի լուրջ վերանայում: Լրացուցիչ քննության անհրաժեշտություն կլինի»:

Նույն խնդրի վերաբերյալ հարց ուղղեց նաեւ Զարուհի Փոստանջյանը՝ Հրանտ Դինքի գործի համատեքստում հետաքրքրվելով, թե ինչպես կարող է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պարտադրել Թուրքիային կատարել իր միջազգային պարտավորությունները: «Մենք նոր ենք զեկույց հրապարակել Թուրքիայում արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ,- պատասխանեց պրն Համմարբերգը:- Հրանտ Դինքի գործը ոչ միայն ինքնին լուրջ է, այլ նաեւ խորհրդանշում է խնդիրը թուրքական արդարադատության համակարգում»: Հույս հայտնեց, որ ձեռնարկվելու են քայլեր՝ ապահովելու արդադատության համակարգի ավելի լավ գործունեություն. «Եվ իհարկե՝ ապագայում խուսափելու անպատժելիությունից»:

Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան էլ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքի առնչությամբ հետաքրքրվեց, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը չի՞ կարծում արդյոք, որ այս օրենքը սահմանափակում է արտահայտման ազատությունը: Համմարբերգն ասաց. «Չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է:  Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել, ասենք, երբ խոսքը ատելության քարոզչության մասին է»: Սակայն հավելեց, թե վստահ չէ, որ այս դեպքում խոսքը հենց այդ մասին է. «Եվ կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա էր ԵԽ գլխավոր քարտուղար պրն Յագլանդը, երբ ասաց, որ քաղաքական մարմինների գործը չէ պատմության տարբերակների վերաբերյալ որոշումներ կայացնելը»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031