ՀԴԿ, «Մայր հայրենիք» եւ մի շարք այլ կուսակցություններ մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ` ընդվզելով ԸՕ-ի պահանջի դեմ, ըստ որի, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները պետք է 8 մլն դրամ գրավ դնեն:
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկմանը Aravot.am –ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց` այդ 8 մլն-ը մե՞ծ հարված կլինի ձեր քսակին, տալո՞ւ եք այն, թե՞ ոչ: Նա ասաց, որ օրենքը չեն խախտի եւ անշուշտ կվճարեն, թեեւ սահմանված գումարը շատ բարձր է. «Հայաստանում այսօր գիտենք, թե ինչ ծանր տնտեսական վիճակ է, հենց դա է պատճառներից մեկը, որ այդ օլիգարխներից պետք է ձերբազատվենք, որովհետեւ օրենսդիրներն իրենց «գրպանի գյորա» են այդ որոշումները կայացնում, որովհետեւ նրանց համար դա ի՞նչ է` պերերիվի փող է, այդ առումով իհարկե մեզ մտահոգում է, եւ եթե ընտրվենք, այդ հարցը կքննարկենք»:
Հաշվի առնելով, որ կառավարությունն արտաբյուջետային միջոցների հաշվին ընդամենը 2 հասարակական զուգարան գնելու համար հատկացրել է 100 մլն դրամ, թերեւս այդ գումարն իշխանության ընկալմամբ այնքան փոքր է, որ ընտրությունների գնացող բոլոր կուսակցությունների թողած գրավով մի զուգարան էլ չհաջողվի գնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև