Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն միացել է ԱԺ ընդդիմության նախաձեռնությանը

Հունվար 26,2012 18:33


ԲՀԿ խմբակցությունը միացել է խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային Ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի թեմայով: Այդ կապակցությամբ ԱԺ նախագահին այսօր ուղարկված նամակի ներքո կա նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ստորագրությունը:

Արամ Սաֆարյանը մեզ հայտնեց, որ իրենց այս դիրքորոշումը պայմանավորված է հետեւյալով. «2007-ի գարնանը մեր կուսակցության կողմից ընդունված ծրագրով միաձայն քվեարկել ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու սկզբունքի օգտին: ԲՀԿ քաղաքական խորհրդում եւ խորհրդարանական խմբակցությունում, այս հարցի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել եւ որոշում չի ընդունվել: Մենք կուզենայինք խթանել հրապարակային հասարակական քննարկումները, լսել բոլոր կողմ եւ դեմ առաջարկները եւ դրանից հետ միայն ընդունել ծանրակշիռ քաղաքական դիրքորոշում: Մեր կուսակցության քաղաքական խորհրդի որոշ անդամների, իրավագետ-սահմանադրագետների հետ զրույցներում լսել ենք, թե կողմ եւ թե դեմ բազմաթիվ փաստարկներ՝ 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու հարցի կապակցությամբ: Թերահավատները մասնավորապես ընդգծում են, որ դրա համար անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, իսկ ուրիշները կարծում են, որ բավարար է փոփոխություններ կատարել միայն «Ընտրական օրենսգրքում»: Ես կարծում եմ, որ գալիք խորհրդարանական լսումները, եթե դրանք տեղի ունենան, կկարողանան, ինչպես ասում են, ջուրը պարզեցնել, եւ մեր հասարակությանը բերել ընդհանուր կոնսենսուսի՝ այս հարցի կապակցությամբ»:

Հարցրինք՝ փաստորեն կոալիցիոն ուժերից միայն ԲՀԿ-ն է ուզում այդ լսումները, իսկ սա չի՞ նշանակում, որ դրանով ԲՀԿ-ն դեմ է գնում կոալիցիոն գործընկերներին: Ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ, այդպես չի ստացվում,որովհետեւ մենք ոչ թե դեմ ենք կոալիցիոն մոտեցումներին, այլ՝ պարզապես խթանում ենք հրապարակային լսումները: Ձեր մեղադրանքը ճիշտ կլիներ այն դեպքում, եթե այդ որոշումն արդեն ընդունված լիներ առանց խորհրդակցելու: Առայժմ նման որոշում չկա: Մեկ կարեւոր դիտարկում՝ առաջարկում եմ իբրեւ անցումային որոշում, քննարկել հետեւյալը՝ 41 մեծամասնական ընտրատարածքների փոխարեն խոշորացնելով ընտրական տարածքները, ստեղծել 20 մեծամասնական ընտրատարածքներ եւ այդ 20 ընտրատարածքներում անցկացնել մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ, իսկ 5 տարի հետո նորից վերադառնալ այս խնդրին»:

Մեր հաջորդ հարցին՝ ըստ էության այս առաջարկով ԲՀԿ-ն ձգտում է կրճատե՞լ ՀՀԿ-ի տեղերը, քանի որ, գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր մեծամասնական տեղերում հաղթում են հանրապետականները կամ այդ կուսակցության հարողները, պարոն Սաֆարյանն ասաց. «Ես այդ դիտարկմանը բացարձակ համաձայն չեմ: Ուզում եմ հիշեցնել, որ անցած օրերի ընթացքում իմ կուսակցական գործընկերները մի քանի անգամ ասել են, որ մեր կուսակցության քաղաքական խորհրդում այս օրերին քննարկվում է բոլոր 41 ընտրատարածքներում մեկ եւ ավելի թեկնածուներ առաջադրելու հարցը: Մեր այսօրվա պատգամավորական խմբակցությունում ունենք 11 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ»:

Նկատեցինք՝ «Այսինքն, Ձեր վերը նշված առաջարկով նաեւ ձե՞ր տեղերն եք կրճատում»: Պատասխանեց, թե «սա սկզբունքի հարց է եւ եվրոպական ստանդարտին հարմարեցնելու հարց է»:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Այս մասին ՀՀԿ խոսնակի մեկնաբանությունը՝ հաջորդիվ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031