Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Եթե ես բերանս բացեմ՝ Ջհանգիրյանի կտորը չի մնա Հայաստանում»

Հունվար 26,2012 18:22

Նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից այսօր «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻԵԴ-ում գտնվող նրա գործից նորություն կա՞, եւ արդյոք համաձայն է ՀԱԿ-ի ներկայացուցչի հնչեցրած տեսակետի հետ, որ նրանք, ովքեր ՄԻԵԴ-ից ետ են վերցնում իրենց բողոքը, դադարում են համարվել քաղբանտարկյալ :

Պարոն Հացպանյանը նախ ճշտեց, արդյոք խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի ասածին, երբ ճշտեցինք, որ՝ այո, ասաց.«Եթե Գագիկ Ջհանգիրյանն է բնորոշում մարդու քաղբանտարկյալ լինել կամ չլինելը, պետք է ողբամ պարզապես»:

Ապա մանրամասնեց.«Ես Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին նույն հարկի վրա քաղբանտարկյալ եմ եղել, իմ դուռը մշտապես փակ է եղել, նույնիսկ փոքրիկ պատուհանս բաց չի եղել, իսկ Գ. Ջհանգիրյանի խցում երբեւէ երկաթյա դուռը փակ չի եղել: Ինձ թեկուզ մեկ ժամով չէին  հանում զբոսանքի, Ջհանգիրյանը 24 ժամ զբոսանքի էր: Տեսակցություններն ինձ համար արգելված էին, նրա մոտ ամեն օր 10 հատ տեսակցություն էր լինում: Իմ հայրը մահացավ, ինձ չթողեցին գնամ եկեղեցում մի հատ մոմ վառեմ, նրա մայրը մահացավ, հինգ օրով գնաց թաղմանը մասնակցեց: Ես դեռ էդ ժամանակ էի ուզում հասկանալ, ուզում էի այս ամենի մասին հրապարակել. ես էլ եմ քաղբանտարկյալ, էս մարդն էլ է քաղբանտարկյալ, հապա ինչո՞ւ ենք այսքան տարբեր վիճակում, ինչո՞ւ են մեր նկատմամբ այդքան տարբեր վերաբերվում այս իշխանությունները:

Ես այդքան հիվանդ վիճակում մի հարյուր անգամ արնահոսել եմ, ստամոքսի, լյարդի, լեղապարկի խնդիրներ եմ ունեցել, ինձ ընդհանրապես դատապարտյալների հիվանդանոց, թեկուզ՝ զննության, քննության չեն տարել, ուրիշները երբ ուզել են՝ գնացել են, ինչքան ուզել են՝ մնացել են: Ես այդ ժամանակ Եղիշե Չարենց եւ Հրանտ Մաթեւոսյան էի թարգմանում՝ հայերենից ֆրանսերեն, ինձ համակարգիչ չտրամադրեցին, նոութբուքն այդպես էլ մնաց արդարադատության նախարարի գրասեղանի վրա, իսկ այլ քաղբանտարկյալներ համակարգիչով շարիկ էին գլորում:

Ես շատ կուզեմ, որ յուրաքանչյուր քաղբանտարկյալ իր կյանքը, այդ ժամանակաշրջանը պատմի, հասցնի հասարակությանը, դա մեր պարտքն է: Բանտում ես օրագիր էի պահում, պիտի հրապարակեմ իմ օրագիրը: Երբ իմ օրագիրը հրապարակվի, ինձ թվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը էլ Հայաստանում չի ապրի: Բանտում տառապողները, կրակե շապիկը հագնողները եւ կալանավայրերում իրենց իշխանիկների նման պահողները շատ լավ գիտեն տարբերությունը:

Նրանց գրպանում երկու հատ բջջային հեռախոս կար, ամբողջ աշխարհի հետ կապ ունեին, ես իմ տիկնոջը իր ծննդյան օրը չկարողացա պատի վրա կախված հեռախոսից քարտով զանգահարել, շնորհավորել: Հիմա ո՞վ է մեզնից քաղբանտարկյալը: Ես հացադուլի էի նստում, իրենք խորովածներով ու քյաբաբներով խնջույքներ էին անում իմ՝ հացադուլի եղած ժամանակ, իմ կողքը: Էդպիսի՞ քաղբանտարկյալ լինում է: Հենց այդ էր պատճառը, որ երբ ՀԱԿ-ը քաղբանտարկյալների հետ կապված ինչ-որ կազմակերպություն ստեղծեց, մեզ տեղյակ չէր պահել այդ մասին: Իրենք դժբախտաբար, բայց շատ հստակ «իմ ու քո» են անում: Ով ինչ-որ մարդու պահած թրի տակից անցնում է, նա յուրային է, ով որ չի անցնում, «այո, շեֆ» չի ասում, ունի իր գաղափարները, իր արժանապատվությունը, իր հայացքները, նա յուրային չի: 2008 թ. մարտի 1-ից է սկսվել  այս «իմ ու քոն», ինչը հիմա էլ շարունակվում է անամոթաբար»:

Պարոն Հացպանյանը նաեւ պատմեց.«Ինձ շատ պատահաբար  փողոցում իմ բախտակից ընկերը, շատ հարգարժան Վարդգես Գասպարին տեսավ ու ասեց՝ գիտե՞ս  այսօր ՀԱԿ-ում քաղբանտարկյալների նիստ կա, ասացի՝ չհասկացա, բա դու որտեղի՞ց գիտես, ասաց՝ ես էլ եմ շատ պատահաբար իմացել: Երբ գնացինք, այդ ժողովին հարց ենք բարձրացրել՝ ինչո՞ւ տեղյակ չեք պահել բոլորին, եւ ասացին՝ բա իրենք, որ Հայ ազգային կոնգրեսին թթու խոսքեր են ասում, մենք ինչո՞ւ իրենց պիտի կանչեինք: Ջհանգիրյանն ասաց, ես էլ ասացի՝ եթե ամեն մարդ բերանը բացեր թթու խոսք ասելու, քո՝ 1991-2008 թվականներն ընկած ժամանակների մասին կա՞ մեկը, որ թթու խոսք չասի, կա՞ մեկը Հայաստանում, որ Ջհանգիրյան Գագիկի երեսին թթու խոսք չասի»:

Սարգիս Հացպանյանը պատմեց նաեւ իր՝ ՄԻԵԴ-ում գտնվող գործից.«Ես ունեմ վարույթում իմ հայցը, եւ այդ հայցը ՀԱԿ-ը չի ներկայացրել: Բանտից իմ ուղարկած փաստաթղթերը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար ուղիղ վեց ամիս Ջհանգիրյանի սեղանի վրա է եղել ՀԱԿ-ում: Նա ընդհանրապես չունենալով իմ նման ճշմարտախոս մարդու հետ, հատուկ չի ուղարկել թղթերս, որպեսզի վեցամսյա ժամկետը լրանա եւ իմ գործը չհասնի ՄԻԵԴ: Եվ ինձ ֆրանսիացի փաստաբաններն ասացին՝ գիտե՞ս, քեզ մնացել է ընդամենը մեկ շաբաթ, եթե որեւէ հայց չներկայացվի, դու բաց կթողես: Ես բանտում անտեղյակ նստած էի, կարծում էի՝ ՀԱԿ-ը մեր բոլորի թղթերը ներկայացնում է: Ի՞նչ իմանայի, որ «իմ ու քո» են անում: Վերջին օրերին հազիվ հասցրեցի եւ ֆրանսիացի ընկերներիս շնորհիվ ներկայացրի բողոքս, որը վարույթ ընդունվեց: Եթե մնար Ջհանգիրյանին, բացի իրենից եւ մի քանի հոգուց, որ առավոտից գիշեր իշխանությունների հետ բազարների մեջ են եղել բանտում… Ես եթե բերանս բացեմ`Գագիկ Ջհանգիրյանի կտորը չի մնա Հայաստանում, իր՝ բանտում եղած ժամանակաշրջանում եղած գործարքների մասին եթե խոսեմ՝ Ջհանգիրյան Գագիկ չի լինի Հայաստանում…»:

Չնայած Ս.Հացպանյանն անձամբ դեմ է գործերը ՄԻԵԴ-ից հետ վերցնելուն՝ «գործը ինչո՞ւ պիտի հանեմ, ի՞նչ է, մեղավո՞ր էի, որ հանեմ, չպետք է ընդհանրապես ետ վերցնել ՄԻԵԴ-ից գործերը», սակայն կարծում է, որ անկախ նրանից, թե ում գործը որտեղ է, յուրաքանչյուրը, ով «մարտի 1-ից հետո մարտի 1-ի պատճառով բանտարկվել է, իշխանության կողմից նսեմացվել է, վիրավորվել է, անարդարացիորեն ազատազրկվել է՝ նա քաղբանտարկյալ է»: «Սա է միակ բնորոշումը, քաղբանտարկյալներ են բոլորը, անկախ նրանից՝ այսօր որեւէ կազմակերպության մե՞ջ են, թե չէ: Այդ բոլորը, մոտ 150 հոգի, որ անցել են այդ կրակի միջով, քաղբանտարկյալներ են, Հայ ազգային կոնգրեսը չպիտի նստի որոշի, թե ով է քաղբանտարկյալ, եւ ով՝ ոչ»,-ասաց Սարգիս Հացպանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031