Լիլիթ Նշանովնան 22 տարեկան է: Նկարչությունը իր տարերքն է, առանց որի չի պատկերացնում իր կյանքը: Առաջին քայլերը սկսել է մոտ 11 տարեկանից: Հենց այդ ժամանակ էր, երբ ընդունվեց Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոն: Իր առաջին և վերջի ուսուցիչը եղել է Սամվել Բաղդասարյանը, ում մինչ հիմա էլ երախտապարտ է: Նկարները դժվարանում է որևէ ոճի վերագրել և կարծում է, որ կարևորն նկարների իմաստն է , այլ ոչ թե ոճը: «Շատ էմոցիոնալ եմ, սիրում եմ կարդալ: Տպավորություններս վերարտադրում եմ նկարներումս: Կարծում եմ, որ նկարներիս թեմաները և բովանդակությունը արտացոլում են այդ հատկությունները»,-ասում է նա:
Լիլիթը հիմնականում նկարում է շպարման պարագաներով: Ցանկանում է ունենալ իր նկարչական դպրոցը: Ունեցել է ցուցահանդես-վաճառք` «Ժայռ» հասարակական կազմակերպության հետ միասին: Հիշում է `ընտանիքի անդամները շատ են փորձել իրեն հետ պահել նկարչությունից, սակայն դա նրանց չի հաջողվել: Ինչպես ինքն է ասում` նկարչությունը նման է քրոնիկ հիվանդության, ամբողջ կյանքում հետապնդելու է քեզ:
Լիլիթի նպատակն է ունենալ ամուր ու երջանիկ ընտանիք, իսկ մնացածը իր իսկ խոսքով` ինքն իրեն կստացվի: Երազում է հասկանալ գիշատիչ կենդանիների լեզուն կամ գոնե շփվել նրանց հետ: «Ես հասկանում եմ որ նման բաները միայն ֆիլմերում են պատահում,բայց միևնույն է երբեք առիթը բաց չեմ թողնում ավելի շատ ինֆորմացիա իմանալ վայրի կենդանիների մասին»:
Լիլիթը նաև ցանկանում է հետևորդներ ունենալ: Համոզված է, որ արդեն գտել է իր ճանապարհը արվեստի մեջ և ուզում է, որ դա մի առանձին ճյուղ դառնա գեղանկարչության մեջ:
Մարտին Բաղդասարյան