«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ կասկած էր հայտնել դրանց արդար լինելու վերաբերյալ, ընդգծելով, որ ընտրությունների մոտենալուն պես քաղաքական համակարգի արատներն էլ ավելի են դրսեւորվում: Տիկին Հակոբյանը, մասնավորապես, բերել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օրինակը եւ նկատել՝ ի՞նչ ազատ ընտրությունների մասին կարող են խոսել իշխանությունները, եթե երիտասարդական հիմնադրամի նախագահը ՀՀԿ-ի անդամ է, իսկ հիմնադրամի մեջ ներառված են հիմնականում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները, հիմնադրամի ամսագրում էլ հանրապետականի գովազդն է՝ նշանով ու դրոշով:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով տիկին Հակոբյանի մեղադրանքներին, ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանն ասաց. «Ես ցավում եմ, որ տիկինը տեղյակ չէ հիմնադրամի գործառույթներից, հիմնադրամի ղեկավար պաշտոններից: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է»,– այսպիսով, թերեւս, պատասխանատվությունը եւ Կարինե Հակոբյանի մեղադրանք-դիտարկումները վարչապետի «վրա գցելով»:
Կարեն Ավագյանը հերքեց, որ ՀԵՀ-ում հանրապետականացված երիտասարդներ են. «Հիմնադրամն ամբողջությամբ՝ իր ծրագրերով, իր աշխատակազմով, պրոֆեսիոնալ մարդիկ են: Որեւէ կուսակցական խնդիր հիմնադրամն իր առջեւ չի դրել»:
Այնուհանդերձ, մեր զրուցակիցը մեծահոգի գտնվեց ու նկատեց. «Ինչ վերաբերվում է տիկին Հակոբյանի կարծիքին՝ այդպիսի առանձին կարծիք ինքը կարող է ունենալ, որն իրականությունից շատ հեռու է»:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ՀԵՀ-ի ամսագրում Հանրապետական կուսակցության նշանն ու դրոշը տպագրում, Կարեն Ավագյանը պարզաբանեց, որ հիմնադրամն ամսագիր չունի. «Եվս մի ապացույց, որ մեր ընդդիմադիր բանախոսը տեղյակ չէ հիմնադրամի գործունեությունից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ