Սյունիքի մարզի Սիսիանի Տոլորս գյուղը, մարզի շատ գյուղերի պես, ջեռուցվում է փայտով եւ աթարով: Բնական գազի բացակայության պատճառով բնակչության մի մասն այգու չորացած պտղատու ծառերն է կտրում կամ գոմաղբով տաքացնում տունը:
Գյուղապետ Մարատ Առաքելյանի ասելով, տոլորսցիները հնարավորություն չունեն անտառի թափուկներից օգտվելու եւ ստիպված մեկ խմ-ն 18-20 հազար դրամով են փայտ ձեռքբերում, իսկ ձմեռն անցկացնելու համար առնվազն 5-6 խմ փայտ է հարկավոր: Փայտ ձեռքբերելը հասու չէ ամեն մեկի գրպանին:
Այսօր գյուղում 450 բնակիչ է ապրում ու սպասում գարնանը, որ լծվեն անասնապահության ու դաշտավարության գործին: Միայն թե գյուղացու չարչարանքը ապրուստի բարելավման վրա չի անդրադառնում: Ինչպես իրենք են ասում՝ յոլա են գնում, նույն մարդուն 10 տարուց ավելի միեւնույն վերարկուի մեջ տեսնելն էլ սովորական են ընդունում:
Կարդացեք նաև
Գյուղում օրահաս խնդիրները չեն սահմանափակվում ջեռուցման հարցով: Միակ դպրոցի հիմնանորոգման հարցն է օրախնդիր: Այս դպրոցում սովորում են ոչ միայն Տոլորս գյուղի երեխաները, այլ նաեւ հարեւան Բնունիս գյուղի ավագ դասարանների աշակերտները:
Անցած տարեվերջին Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելյանը մարզխորհրդի նիստի ժամանակ բարձրացրեց գյուղից դեպի Սիսիան տանող 6 կմ ճանապարհահատվածի խիստ անմխիթար վիճակի ու հիմնանորոգման հարցը: Ճանապարհը գրեթե աներթեւեկելի է դարձել: «Ձմռանը քիչ թե շատ հնարավոր է լինում երթեւեկել, դժվարանցանելի լինելու դեպքում, դիմում ենք ճանշին ձեռնարկությանը, գալիս են մաքրում են, բայց գարնանը, անձրեւների ժամանակ առաջացած ջրափոսերը էլ ավելի են դժվարացնում: 70-ականներից մինչ օրս չի նորոգվել, էնպիսի մեծ փոսեր են առաջացել, որ խիստ անանցանելի ու անմխիթար է դարձել երթեւեկելը: Նույնիսկ տաքսիները պատվերով գյուղ չեն գալիս ճանապարհի պատճառով: Ընդամենը մի անգամ փոսային նորոգում են արել հողով, դա էլ արդյունք չի տվել»,- ասում է Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելյանը:
Ձմռանը չմրսելու եւ տաքանալու խնդիրը փայտով ու աթարով են լուծում նաեւ մարզի Կուրիս, Սվարանց, Օխտար եւ այլ գյուղերում: Օխտարը օգտվում է կառավարության որոշումից եւ ամեն ընտանիք անվճար ձեռք է բերել 8 խմ անտառի թափուկ:
Կուրիսի գազաֆիկացման ծրագրի նախագծա-նախահաշվային աշխատանքները 2011-ին կատարվել են, գյուղացիները սպասում են ծրագրի կյանքի կոչմանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ