Հայ տղամարդկանցից շատերը գերադասում են օգտագործել էժանագին պահպանակներ: Այս համոզմանն են դեղատան աշխատակիցները, որոնք Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ հայ տղամարդիկ ոչ միայն ամաչում են կին դեղագործից պահպանակ գնել, այլեւ 500 դրամից ավելի գումար չեն վճարել պահպանակի համար:
Դեղատներից մեկի աշխատակցի պատմելով, երբ տղամարդ հաճախորդներից մեկին առաջարկել է մոտ 1000 դրամանոց՝ ավելի որակյալ պահպանակ, վերջինս հրաժարվել է, պատասխանելով՝ «Հո ծնո՞ւնդը չի՝ թանգնոց պրեզերվատիվ օգտագործեմ»: «Ցավոք, նման դեպքեր շատ են լինում: Չգիտես ինչու՝ ծխախոտի համար ավելի շատ են վճարում, քան պահպանակի: Ընդ որում, նկատել եմ, եթե սեքսը կնոջ հետ է լինելու, գնած պահպանակը տղամարդիկ դնում են նույն տոպրակի մեջ, որտեղ որ, ասենք՝ փամփերսն է, իսկ եթե լեւի է գնալու, պահպանակի մյուս տուփը դնում է ծոցագրպանում»,-մեզ հետ զրույցում պատմեց դեղատներից մեկի աշխատակիցը:
Մենք մայրաքաղաքի որոշ դեղատներում հարցում կատարեցինք՝ պարզելու, թե ինչ նորամուծություններ կան պահպանակների «աշխարհում» եւ ինչ տեսակներից են ավելի շատ օգտվում հայերը: Ըստ դեղատան աշխատակիցների, «Վաճառքում ունենք պահպանակներ, որոնք սեռական ակտը երկարացնում են, բայց հայերը չգիտեն էլ դրա մասին: Երբ տեղեկացնում ենք՝ անկեղծ զարմանում են: Ճիշտն ասած, դրանց մեջ անզգայացնող նյութ կա, այսինքն՝ տղամարդը կարող է ժամերով սեքս անել: Չնայած՝ բժիշկներն ասում են, որ դա չի կարելի հաճախ օգտագործել, քանի որ նման պահպանակի կարիք ունեցողները ֆիզիոլոգիական խնդիր ունեն եւ ճիշտ կլինի բուժվեն»:
Մեր հարցումներից պարզվեց, որ հայ տղամարդիկ շատ են գնում նաեւ հոտավետ պահպանակներ, սակայն անգամ օգտագործելուց հետո դեղատանն դիմելուց ասում են՝ «Մի հատ կլուբնիկայի համով պրեզերվատիվ չե՞ք տա»: Դեղատան աշխատակիցներից մեկը պատմեց. «Շատերն են այդպես դիմում ինձ: Մի օր քիչ մնաց ասեի՝ այ մարդ, մի հատ կերեք, համն առեք՝ տեսեք կլուբնիկայի համ գալի՞ս ա դրանից, որ տենց եք ասում: Ախր դա համը չէ, այլ՝ հոտը»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցները վստահեցնում են, որ ոչ ավանդական պահպանակներից, չգիտես ինչու, հայ տղամարդիկ խուսափում են. «Անգամ, երբ բացատրում ենք, որ, օրինակ, ապացուցված է, որ այս գնդիկավոր կամ օղակով պահպանակը կանանց համար ավելի հաճելի է, տղամարդիկ հիմնականում ասում են՝ չէ, գործ չունեմ, փորձած թանից լավը չկա»:
Առանց տարիքային սահմանափակման՝ տղամարդկանցից շատերը կին վաճառողուհուց ամաչում են պահպանակ գնել: Դեղատներից մեկի աշխատակցուհին պատմեց, որ կան տղամարդիկ, որոնք դեղատուն են մտնում հենց այդ նպատակով, «աչքի պոչով» տնտղում են պահպանակները, բայց գլխացավի սովորական դեղ են ուզում. «Չնայած ես հաստատ գիտեմ, որ էդ նույն տղամարդիկ ինձ փոխարինող տղամարդ վաճառողից հանգիստ գնում են պահպանակներ: Իսկ օտարազգի տղամարդիկ, հատկապես պարսիկները, նման բարդույթ չունեն: Բայց, եթե մերոնք գոնե 500-700 դրամանոցներն են գնում, պարսիկներն ամենաէժանն են առնում: Ես նկատել եմ, որ կանայք ավելի ռիսկով են պահպանակ գնում, նույնիսկ հարցուփորձ են անում՝ թե որն է լավը, ի՞նչ նորություն կա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ