Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը` ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ձեռքբերումներն ու իրականացվող օրենսդրական կարգավորումները: Նա արձանագրեց. «Շնորհիվ հայոց բանակի ` տվել ենք հաղթանակ Արցախյան գոյամարտում, ինչը եղել է հայոց նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումը: Այսօր բանակը հանդիսանում է ամենակայացած կառույցն այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել իր առջեւ դրված խնդիրը` հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»:
Ըստ Հ. Կարապետյանի, բանակն անընդհատ կատարելագործման մեջ է, հատկապես` օրենսդրության առումով: Մասնավորապես` ընդունվել են մի շարք կարգապահական կանոնագրեր, որոնք օրենքի ուժ են ստացել: Կարեւոր փոփոխություններ են կատարվել զինված ուժերի զինվորական ծառայության անցնելու եւ զինապարտության մասին օրենքում, հստակեցվել են համայնքատերերի պարտականությունները՝ զորակոչի ընթացքում: «Ներկայումս հաջողությամբ կիրառվում է սահմանված կարգի խախտումով զորակոչից խուսափողների մասին այն օրենքը, որի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ, ովքեր տարբեր պատճառներով հեռացել էին Հայաստանից, այսօր վերադառնում են Հայաստան` կատարելով կամ իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ, կամ, եթե լրացել է զորակոչային տարիքը, վճարում են համապատասխան գումար պաշտպանության հատուկ ֆոնդին` ստանալով զինգրքույկ, մինչդեռ նախկինում նրանք պետք է ենթարկվեին քրեական հետապնդման»,- նշեց բանախոսը եւ հավելեց, որ արդեն պատրաստ է բանակի ընդհանուր կանոնագիրքը, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ:
Հ. Կարապետյանն ասում է, որ բազմաթիվ թերություններ հետեւանքն են այն հանգամանքի, որ բանակում մի շարք դեպքերում օրենքներ չէին գործում, որովհետեւ չկային. «Բանակն առաջնորդվել է ոչ թե օրենքներով, այլ կառավարության որոշումներով եւ նախարարների հրամաններով, ինչպես նաեւ` խորհրդային շրջանից ժառանգված ավանդույթներով»:
Օրենքները նպաստում են նաեւ զինվորականների իրավունքների պաշտպանությանը: Օրինակ, նախկինում զինվորականը բողոք ունենալու դեպքում դիմում էր հրամանատարին, մինչդեռ, Հ. Կարապետյանի խոսքերով, պետք է բողոքն ուղղել բարձր ատյանի հրամանատարական անձնակազմին. «Անհեթեթություն է, երբ բողոքում է նրան, ում ուղղված է բողոքը»:
Կարդացեք նաև
Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ հայկական բանակը ձեռք է բերել միջազգային մեծ ճանաչում, ինչի վկայությունն են Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում հայոց զինված ուժերի կարգապահությունը` հակաահաբեկչական գործողությունների դեմ ուղղված զորավարժություններում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ