Լրահոս
Օրվա լրահոսը

Գունավոր շաբաթաթերթ` Գյումրիում

Հունվար 26,2012 15:56

Մի քանի օր է` Գյումրու «Շրջապատ» շաբաթաթերթը սկսել է լույս տեսնել գունավոր: Ըստ գործադիր տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի, այն թեեւ ծախսատար է, բայց անհրաժեշտ է դարից հետ չմնալ. ընթերցողներին հրամցնել ակնահաճո ապրանք: «Գյումրիում սա առաջինն է, որքանով հիշում եմ, երեւի շատերն էլ կասեն, որ մեր քաղաքի պատմության մեջ գունավոր տպագրությամբ թերթ երբեք չի եղել»,- ասում է տնօրենը:

Նշենք, որ այս շաբաթաթերթը հրատարակվում է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից վերջերս հիմնադրված տպարանում` «Գյումրու գրատանը», որն էլ թերթերին տեխնիկապես հնարավորություն է տալիս գունավոր տպագրության անցնելու:

Ի դեպ, երկար ժամանակ` մոտ հինգ տարի, Գյումրիում հրատարակվող երկու շաբաթաթերթերն էլ` թե «Հինգշաբթին» եւ թե «Շրջապատը», կանգնած էին կրախի առաջ: Բանն այն է, որ Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը Գյումրու տպարանի շենքը հատկացրեց ամերիկահայ բժիշկ-բարերար Հովհաննես Օյումջյանին` գիշերօթիկ դպրոց կառուցելու համար, իսկ տպարանն իր սարքավորումներով դուրս հանեց:

Գյումրու թերթերը երկար ժամանակ հրատարակվում էին Երեւանի «Գինդ» տպարանում, որը եւս անչափ թանկ էր նստում տնօրենների վրա: «Իրոք, սարսափելի վիճակ էր, եւ ճանապարհածախսն էր ավելացել, եւ երեւանյան գներն էին թանկ», -ներկայացնում է Եպրաքսյա Մեխակյանը:

Ըստ նրա, այժմ էլ նորաստեղծ տպարանով ուրախանալուն զուգահեռ, ամեն անգամ հայտարարություններ ստանալիս ստիպված են տխրել. հայտարարությունները բացառապես տան, ունեցվածքի, բիզնեսի վաճառքի մասին են, գյումրեցիները քաղաքից հեռանում են ընտանիքներով, գերդաստաններով: Մեր այն հարցին էլ, թե քաղաքի դատարկվելը չի՞ ազդում թերթային բիզնեսի վրա, Եպրաքսյա Մեխակյանը պատասխանեց. «Անշուշտ ազդում է, ո՞նց կարող է չազդել, ազդում են նաեւ թանկացումները: Հանուն ճշմարտության ասենք, որ որքան էլ քեզ կոտորես ու հետաքրքիր ինֆորմացիա հրամցնես, հենց թանկացում եղավ, մարդը , որը հացի փող չունի, մի՞թե կկարողանա թերթ գնել:Եվ հետո մենք ինֆորմացիայի սովի դարաշրջանում չենք , եւ թերթը, որպես ապրանք, անխոս տուժում է»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031