Aravot.am-ը Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանից այսօր հետաքրքրվեց, թե այս քաղաքում օղի , ալեհավաք, բնակարան ու զանազան տոպրակներ բաժանող կուսակցականները փորձ չե՞ն անում թերթերն իրենցով անել, օրինակ, ասենք՝ գան ու առաջարկեն ԶԼՄ-ին եւս դառնալ հովանավոր:
Նշենք, որ այս քաղաքում քարոզարշավն իր գագաթնակետին է հասնում` հեռուստաեթերը հեղեղված է, այսպես ասած, «պատգամավորացուների» հարցազրույցներով կամ նրանց բարեգործությունների մասին պատմող նյութերով:
«Ես նման առաջարկ չեմ ստացել, քանի որ մենք մեր դիրքորոշումը վաղուց ենք ցույց տվել:Իհարկե, 9 տարի առաջ,երբ սկսնակ էինք` եղան առաջարկողներ, բայց ես սկզբունքային մարդ եմ, գիտեմ, որ սա իմ ուղղությունն է , ուրեմն վերջ: Դա չորագլխություն չէ, բայց ես չեմ պատրաստվում մարիոնետկա դառնալ որեւէ կուսակցության ձեռքում, ես ազատ եմ ու անկախ, կախված եմ միայն իմ ընթերցողից: Իհարկե, քավորությունից հրաժարվել՝ չի նշանակում, թե ես պատրաստ չեմ բոլոր կուսակցություններին հավասարաչափ լսել, դաշտն ազատ է բոլորի համար, խնդրեմ, թող գան՝ իրենց խոսքն ասեն», -ասաց Եպրաքսյա Մեխակյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ