Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. «ԿԸՀ-ն ԲՀԿ-ի հայտը չպետք է ընդունի»

Հունվար 26,2012 15:02

Հայաստանյան քաղաքական դաշտն այսօր նման է մի թեւանի դինոզավրի, որը իշխանությունն է: Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Ըստ նրա, խախտված է ընդդիմություն եւ իշխանություն երկու թեւերի հավասարակշռությունը, որը պետք է ժողովրդավարական պետության համար:

Տիկին Հակոբյանի դիտարկմամբ՝ որքան մոտենում է ընտրական շրջանը, այնքան այն արատները, որոնք կան քաղաքական դաշտում, շտկվելու փոխարեն, ավելի են խորանում, իսկ ՀՀ նախագահի հայտարարությունը, որ ապահովելու է ազատ ու արդար ընտրություններ, ընդամենը խոսքեր են. «Որովհետեւ, խոսքին պիտի հաջորդեն քայլերը, բայց քայլեր չեն արվում: Արդար ընտրություններ ապահովելը միայն խոսքով չպիտի լինի»:

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքերով, ի՞նչ ազատ ընտրությունների մասին կարող են խոսել իշխանությունները, եթե երիտասարդական հիմնադրամի նախագահը ՀՀԿ-ի անդամ է, իսկ հիմնադրամի մեջ ներառված են հիմնականում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները, հիմնադրամի ամսագրում էլ հանրապետականի գովազդն է՝ նշանով ու դրոշով:

«Հասարակությունը, որ պիտի լիներ ընտրության հիմնական մասնակիցը, դարձել է հանդիսատես, անգամ այստեղից էլ դուրս են մղում: Հասարակությանը լրիվ լուսանցք են մղում, չկա հասարակություն»,- ասաց «Ժառանգության» վարչության քարտուղարը:

Ըստ տիկին Հակոբյանի, ՀՀ նախագահի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ պետք է բացառեն գործարարների ներկայությունը ԱԺ-ում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի ԲՀԿ-ի ղեկավարի եւ այլ անդամների հայտերը չընդունի, քանի որ. «Այդ կուսակցությունում շատ են բիզնեսմենները, իսկ ղեկավարը քաղաքական գործիչ չէ, այլ՝ մեծ բիզնեսի ներկայացուցիչ»:

Անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի երեկվա այն կարծիքին, որ գործարարի շահերը պաշտպանելու համար հենց գործարարը պետք է լինի ԱԺ-ում, «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց. «Իրենց տրամաբանությամբ, ուրեմն՝ կոշկակարը պիտի լինի ԱԺ-ում, որ կոշկակարի շահերը պաշտպանի, ուսուցիչը՝ ուսուցչի»:

«Ժառանգությունը» պատրաստվում է բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ ունենալ, թեեւ կողմ է համամասնական ընտրակարգին: Իսկ թե որեւէ կուսակցության հետ դաշինք կկազմի, թե՝ ոչ, առայժմ չեն որոշել. «Մոտ մեկ ամիս հետո ստույգ կասենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031