Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում որդու մահից հետո մայրը «գժանոցում է հայտնվել», հայրը՝ դարձել հաշմանդամ (ձայնագրություն)

Հունվար 26,2012 14:55

«Մեր ցավը նախագահի ցավը չի՞»,- այս հարցով այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին դիմեցին բանակում մահացած զինվորների ծնողները:

Կառավարության շենքի բակում նրանք Վ. Սարգսյանից խնդրում էին հանդիպում կազմակերպել նախագահի հետ. «Ձեզ վստահեցնում եմ, նրա համար, որ ինձ մոտեցել եք՝ նախագահի ուշադրությունը հրավիրելու, դա ավելորդ է, որովհետեւ հանրապետության նախագահը շատ լավ գիտի խնդիրը ու անմիջական իր հանձնարարությամբ այն մարմինը, որ դրանով պիտի զբաղվի՝ զբաղվում է: Նա ծանոթ է ձեր ցավին»:

«Հոլի պես ֆռռացնում են էս դատարանից էն դատարանը, վերջին երկու տարվա ընթացքում ոչ մի լուծում չի եղել, կոծկում են հանցագործությունները»,-հակադարձեց ցուցարարներից մեկը:

Վ. Սարգսյանն էլ պատասխանեց, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի համար որեւէ գործ կոծկելը հանցագործություն է. «Գեւորգ Կոստանյանը ամենալուրջ մասնագետն է այս ոլորտում ու իր պարտականությունն է բացահայտելը»:

Պարոն Սարգսյանը կարճ զրույցից հետո հեռացավ, ինչից հետո ցուցարարների զայրույթը կրկնապատկվեց: «Էս երեխայի մահից հետո էդ ընտանիքը քայքայվել ա: Մայրը գժանոցի գիժ է, հայրը դառել է երկրորդ կարգի հաշմանդամ: Մեր գերդաստանի միակ արու զավակն էր»,- բղավում էր Նարեկ Գալստյանի հորաքույրը՝պնդելով, որ զորացրվելուն մնացել էր 20 օր, որ բենզինի դատարկ բաքում խեղդամահ են արել.- Իսկ հարգարժան պարոն Կոստանյանը, որին նախագահի աշխատակազմի ղեկավարն էդքան գովում էր, թե օբյեկտիվ մարդ է, եթե նա այդքան օբյեկտիվ է, ինչի՞ զինվորի շորերը չեն ցույց տվել մեզ: Նարեկի մայրն էլ անելիք չունի, մենակ ասում ա՝ ում կոկորդը կրծեմ, ցույց տվեք: Լիլիպուտներն են սպանում մեր երեխեքին, նախանձում են սիրուն ուժեղ երեխեքին»:

«Իմ երեխուն տարել են Ղարաբաղ ու սպանել են, կոծկում են ու կեղծում են գործերը: Հասկացանք՝ իրավաբան չենք, բայց ծնողը կո՞ւյր է, չի՞ տեսնում: Որդուս կախել են, պարանոցին պարանի հետքերն ու մատնահետքերը պարզ երեւում են, քիթը սղմտած, հորն ասում են՝ ճիշտ չես տեսել, ասում են՝ դիակային բծեր են»,-պատմում էր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

arpine
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031