Ըստ պաշտոնական տվյալների, Շիրակի մարզի 119 համայնքում ապրում է 358 հազար մարդ: Ըստ մարզպետարանի, անցած տարի այս մարդկանցից 7131-ը՝ մոտ երկու տոկոսը, փորձել է հանդիպել համայնքապետին, իրականում հանդիպել է 7124 շիրակցի: 936 մարդ էլ փորձել է ավագանուն հարցով դիմել, իրականում դիմել է 921 քաղաքացի:
Դատելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունից, Շիրակի 119 համայնքներից 118-ում ղեկավարության հետ հանդիպելու ցանկություն հայտնած ոչ մի քաղաքացի չի մերժվել. բոլորին ընդունել եւ լսել են. Արթիկում 340 քաղաքացու ընդունել է համայնքապետը, 150 քաղաքացու՝ ավագանին, Մարալիկում՝ 242 հոգու համայնքապետը, 23 հոգու՝ ավագանին, Ազատան գյուղում՝ 196 հոգու գյուղապետը, 12 գյուղացու՝ ավագանին, Հոռոմ գյուղում՝ 185 հոգու գյուղապետը, 18 հոգու՝ ավագանին, Ծաղկուտում՝ 8 հոգու գյուղապետը, մեկ հոգու՝ ավագանին, Ցողամարգում՝ 21 հոգու գյուղապետը, մեկ հոգու՝ ավագանին եւ այլն:
Միայն մարզկենտրոն Գյումրիում, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրում է մարզի բնակչության մոտ կեսը՝ 145-150 հազար մարդ: Այստեղ է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են արժանացել ընդունելության: Քաղաքապետին հանդիպելու ցանկություն հայտնած 424 գյումրեցուց ընդունելություն ստացել է 417-ը, իսկ քաղաքի ավագանուն հանդիպելու ցանկություն ունեցող 57 քաղաքացուց միայն 42-ն է ընդունվել:
Իսկ թե ընդունելությունից հետո ում հարցը ինչ լուծում է ստացել՝ պարզ չէ, բայց Շիրակի գյուղերի, նաեւ մարզկենտրոն Գյումրու դատարկվելը հուշում են, որ մարդիկ իրենց հարցերի լուծումները փնտրում են Շիրակից եւ Հայաստանից դուրս:
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ