Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարունը» չի գնվում, քանի որ զգեստների ու կոսմետիկայի գովազդ չի անում»

Հունվար 26,2012 13:27

«Գարունի» մասին երեւի ոչ միայն ինձ, այլ բոլորի համար դժվար է խոսել»,- այսպես սկսվեց իմ ու ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի զրույցը: «Ժամանակը եւ «Գարունը» իրար չեն համապատասխանում: Ժամանակն ավելի խառնիխուռն է, իսկ «Գարունը»՝ խաղաղ, հանդարտ»,- հիմնավորեց զրուցակիցս: Մի ժամանակ՝ շուրջ 15 հազար տպաքանակ, այժմ՝ 500, տարվա մեջ էլ՝ 6 համար՝ ասքանն է հնարավոր անել մշակույթի նախարարության ֆինանսավորած տարեկան 2 մլն դրամով: «Այդ փողը հազիվ հերիքում է համարները տպելուն: Ես, օրինակ, աշխատավարձ չեմ ստանում: Ու ոչ ոք չի ստանում խմբագրությունում: Դրա հույսն էլ չունեմ: Ինչո՞ւ: Որովհետեւ մարդիկ են ապրում այս երկրում, ովքեր անկարող են որեւէ լավ բան ստեղծել,-փոքր-ինչ նեղսրտեց Այվազյանն ու ժպտալով ավելացրեց,- գիր սիրող խմբագրություն՝ սա է իմ հարստությունը: Պարզապես կյանքը խաթարված է, մեր իմացությունը՝ լցված գողությունների թոհուբոհով: Պատճառները շատ են՝ ժողովուրդը փող չունի, դժվար է ապրում, սոցիալական խնդիրներ կան: Բայց մեր երկրի մտավոր զարգացվածության մեջ չկա այն միտքը, թե ինչո՞ւ եւ ումի՞ց են մարդիկ գողանում, թալանում: Արդեն տասը տարի է՝ այս հարցերը վերհանում ենք «Գարունում», բայց գեղարվեստորեն, իբրեւ գրական գործ: Այդ առումով «Գարունը» Հայաստանում միշտ եղել է առաջին ամսագրերից մեկը, այդպես էլ կա այսօր: Որովհետեւ ոչ մեկը չունի այն համարձակությունը, որ «Գարունն» ունի՝ հարցերին վերաբերվել առանց վախենալու»,- ասում է Այվազյանը:

Ամսագիրը ինչպես առաջ, այնպես էլ հիմա հենված է իր ակունքների վրա՝ ազնվություն, լավ մշակույթ: Բայց «ձայն բարբառո հանապատի»՝ ընթերցող չկա: Նա սերիալ է նայում: «Տպում եմ Նարեկացու «Մեկնություն Սողոմոնի Երգ երգոցի»-ն, ինչի՞ համար: Չկա որեւէ արձագանք, չասեմ սատարում, որ այդ գիրքը տպվեց գոնե մատչելի հայերենով, քանի որ Նարեկացին գրել էր գրաբար: Պիտի մի քանի տնային տնտեսուհիներ առնեն ու չկարդան»,- անկեղծացավ զրուցակիցս: Իր համոզմամբ՝ դա ոչ միայն ամսագրի մեղքն է, այլեւ հասարակության: Գրի արժեքն է ամբողջ աշխարհում ընկել. «Լավ մշակույթն ո՞ւմ համար է, լավ գրականություն տպես՝ ո՞վ կարդա: Կյանքը լցված է պարապ շոուներով: Երկիրը խրախուսում է, ու դա էլ մնում է որպես արժեք: Դրա համար բուն արժեքներին ժողովուրդը չի դառնում»:

Խմբագրի խոսքով՝ շատ են «ամսագրանմանները», որոնց հովանավորում է պետությունը, մյուս կողմից էլ՝ հայ ազգի կեսը գրող է կամ իրեն համարում է գրող: «Գարունում» մերժվելուց հետո այնտեղ են տպվում, հետո էլ ասում՝ տեսեք՝ տպվել ենք:

Ամսագիրը չի գնվում, քանի որ, ինչպես Այվազյանը փաստեց, կանացի զգեստների, կոսմետիկայի գովազդ չի անում: Ակնարկեցի՝ ժամանակին կար «Գարունի» սերունդ» հասկացությունը: Անկեղծացավ. «Գարունը» այսօր մնացել է մենակ իմ ուսերին, դրա համար չկա այդ սերունդը: Ստիպված ենք տպել այն գործերը, որոնք գրվում են, բայց այդ գրողները արդեն գարունական չեն: Նրանք մարդիկ են, ովքեր ուզում են տպվել: Դե, պարապ էջեր չես թողնի»: Կարո՞ղ ենք խոսել ամսագրի ճգնաժամի մասին՝ հարցիս Վարուժան Այվազյանը վստահորեն պատասխանեց. «Ո՛չ: Հայ գրականության ճգնաժամն է: Որովհետեւ ժամանակին կային գրողներ, ովքեր գիշերը գրում էին, առավոտը վազում խմբագրություն՝ տպելու: Այսօր դա չկա»:

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031