Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը ռուսաստանյան իրականության մեջ պասիվ դիտորդ չեն»

Հունվար 26,2012 13:24

Կարծում է թարգմանիչ, բանաստեղծ եւ լրագրող Արմեն Մերուժանյանը

Թարգմանիչ, բանաստեղծ եւ լրագրող Արմեն Մերուժանյանը 1994թ.-ից Սանկտ Պետերբուրգում տպագրվող «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիրն է: Նա է ստեղծել  «Հավատամք» թերթի գրադարան» գրական շարքը: Արմեն Մերուժանյանը, որ ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան, սիրով պատասխանեց մեր հարցերին:

– Ձեր կենսագրության մեջ զուգահեռ են «ընթանում» գրականությունն ու ժուռնալիստիկան: Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելը ենթադրո՞ւմ էր այդ գործունեության շարունակություն:

– Այժմ պարզ է դարձել, որ ամեն ինչ ի վերուստ էր որոշված, թեպետ սկզբից ամեն ինչ երջանիկ զուգադիպություն էր: Երեւանում բնակվելուս վերջին երեք տարիներին ցանկություն ունեի առանձնանալ որեւէ վանքում եւ հոգեւոր տեքստերի հետ աշխատել: Տանել չեմ կարողանում կարգադրություններն ու հրահանգները, եւ կյանքս բացառապես ներքին կարգապահության հիման վրա եմ կառուցում: Ցավով պիտի փաստեմ, որ ժամանակին ընդամենը «ներկա» էի ստանում աչքներիս առաջ քայքայվող Գրողների միությունում: Ստեղծագործական գաղափարներիս չիրականանալը խենթացնում էր: Մի օր էլ Սանկտ Պետերբուրգից զանգ ստացա ինձ անծանոթ հրատարակիչ Աշոտ Վանյանից: Նրա ձեռքն էր ընկել գրքերիցս մեկը: Վանյանը, առանց նախաբանների ու ավելորդ խոսքերի, առաջարկեց Սանկտ Պետերբուրգ տեղափոխվել, օգնեց այնտեղ տեղավորվել, իսկ որոշ ժամանակ անց ինձ ներկայացրեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի այժմյան առաջնորդ Եզրաս Սրբազանին: Մեր հանդիպումից երկու օր անց ես արդեն «Հավատամքում» էի աշխատում:

– 19-ամյա թերթը 18 տարի դուք եք ղեկավարում: Պատմեք «Հավատամքի» հետ անցած ուղու մասին:

– 1993 թվականին հիմնադրված «Հավատամքը» առաջին հայկական թերթն էր սփյուռքում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Մեր խնդիրներից է Պետերբուրգի հայերին միավորելը, ազգային ավանդույթների պահպանումը, եկեղեցու հանդեպ հարգանքի հաստատումը, տեղական սփյուռքի կյանքը լուսաբանելը: Նաեւ կարեւորում ենք ռուս-հայկական հարաբերությունները լուսաբանելը: Հայերը ռուսաստանյան իրականության մեջ պասիվ դիտորդ չեն:

– «Դրսում» ապրողի հայացքով ինչպիսի՞ն է Հայաստանն այսօր:

– Իմը պատմական Հայաստանը չէ, իմը սրտիս հայրենիքն է: Երբ հասուն մարդը, ծնված լինելով մի երկրում, ապրում է մեկ այլ երկրում ու շտապում է իր հայրենիքը պատմական անվանել, ուրեմն, պարզապես հրաժարվում է հայրենիքից: Նման մարդկանց սերը հայրենիքի նկատմամբ արտահայտվում է միայն ամպագոռգոռ կենացների մեջ, իսկ հայրենիքին ծառայելու գործակիցը զրոյի է հավասարվում: Որպեսզի հայրենիքը պատմական համարվի, պետք է առնվազն մեկ սերունդ անցնի-գնա, եւ միայն այդ դեպքում տերմինն օբյեկտիվորեն դրական երանգ կստանա:

ՄԻԼԵՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031