Լիտվացի պրոդյուսեր Լյուդմիլա Կաչկանը հայերի մասին կինոնախագիծ է ձեռնարկել
Սկսվել են «Սիրտ իմ, Հայաստան» կինոալմանախի նախապատրաստական աշխատանքները: Նախագծի գլխավոր պրոդյուսերն է լիտվացի Լյուդմիլա Կաչկանը: «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ կինոալմանախն արվում է հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա, նկարահանումներն էլ կիրականացնի 12 հայազգի ռեժիսոր՝ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք կսկսվեն հունիսի 1-ից եւ կձգվեն մեկ տարի: Տիկին Կաչկանը տեղեկացրեց նաեւ, որ ֆիլմաշարի գեղարվեստական խորհրդում ընդգրկված են միայն հայեր, դրանց թվում՝ Ռուբեն Խաչատուրյան, Հովհաննես Հակոբյան, Արտավազդ Խաչատուրյան: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրենց ֆիլմաշարում անդրադարձ չի լինի Հայոց ցեղասպանությանը, բացատրելով, որ այդ փաստը վաղուց արդեն հայտնի է աշխարհին. «Կինոալմանախի 12 նովելները փոխկապակցված չեն լինելու: Դրանք կներկայացնեն հայ ժողովրդի անցած ուղին՝ քրիստոնեության ընդունումից մինչեւ մեր օրերը: Խաղարկային կինոալմանախի միջոցով ցանկանում ենք, որ էկրանի առաջ նստած եվրոպացին սրտով ընկալի, թե ով է հայը»:
Լ. Կաչկանը «չընդարձակվեց»՝ կոմերցիոն գաղտնիք համարելով ֆինանսական ծախսերը, ռեժիսորների անունները եւ այլն: Նա նշեց, որ գտնվելով Երեւանում, հասցրել է բանակցել արտաքին գործերի, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների որոշ չինովնիկների հետ ու վստահ է, որ այդ կառույցները նախագծի հսկա բյուջեն կթեթեւացնեն՝ լուծելով որոշ կազմակերպչական հարցեր: Հարցապնդմանը, թե, այնուամենայնիվ, նախագիծը որտեղի՞ց է «սնվելու», մեր զրուցակիցը նախ հայտնեց, թե այն վայելում է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի պատասխանատուների հոգեւոր աջակցությունը, ապա անդրադառնալով բյուջեին, առանց մանրամասնելու նշեց. «Ֆինանսավորումը կլինի անհատ բարերարների ու կազմակերպությունների կողմից: Աջակցելու ցանկություն է հայտնել նաեւ Արգենտինայի հայ համայնքը, բանակցություններ են ընթանում Արգենտինայի կառավարության հետ եւ այլն»: Իսկ չի՞ ցանկանում դիմել լիտվացի եւ հայ օլիգարխներին, տիկին Կաչկանը պատասխանեց, որ երկու երկրների օլիգարխները չափազանց տարբեր են պատասխանատվության առումով: Չթաքցրեց, որ լիտվացի օլիգարխների շրջանում ունի մտերիմներ, սակայն ինքն այն կանանցից է, որոնք «նվերներ ընդունում են առանց նախապայմանների…»:
Ի վերջո, ի՞նչն է կապել լիտվացի կնոջը հայ ազգի հետ: «1988-ին առաջին անգամ 4-ամյա դստերս հետ եղա Երեւանում: Հյուրընկալող ընտանիքի մայրը սրտի խնդիր ուներ եւ միջնորդեցի, որ Վիլնյուսում կատարվի սրտի փոխպատվաստում ու այդպես հարազատացանք… Հաճախ եմ գալիս Հայաստան եւ մշտապես ձեր երկիրն ապշեցնում է ինձ: Այլեւս չեմ կարող առանց Հայաստանի, որն ինձ համար կարծես թմրանյութ լինի: Ի դեպ, «Սիրտ իմ, Հայաստանի» գաղափարի հուշողները լիտվացի ընկերներս են»,- ասում է տիկին Կաչկանը:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ